
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դիմել է Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից միացյալ ուժերի հրամանատար Ստյուարտ Մանշին, որպեսզի ՆԱՏՕ-ն պաշտպանի Կոսովո և Մետոքիայի սերբ բնակչությանը: Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությանը:
«Ծովակալ Մանշի հետ լավ երկխոսություն ունեցանք: Ես խնդրեցի, որ ՆԱՏՕ-ն պաշտպանի մեր ժողովրդին Կոսովո և Մետոքիայում և շնորհակալություն հայտնեցի Սերբիայի չեզոքության քաղաքականությունն ըմբռնելու համար», – հայտնել է Սերբիայի ղեկավարը ծովակալ Մանշի հետ հանդիպումից հետո: Իրադրությունը Կոսովոյում կտրուկ սրվել Է դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ նշանակության ջոկատները Կոսովոյում Եվրամիության առաքելության (EULEX) պարեկների ուղեկցությամբ Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սկսել են գրավել ընտրական հանձնաժողովների շենքերը:
Սերբ բնակչությունը հակահարված է տվել կոսովացիներին, որոնք փախել են Իբար գետից այն կողմ: Դեկտեմբերի 8-ին Կոսովոյից մոտ 350 ոստիկաններ զրահամեքենաներով ներխուժել են երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսային հատվածներ և շրջափակել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային մասը։ ТАСС-ը հաղորդում է, որ շինծու մեղադրանքով դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը Կոսովսկա Միտրովիցայում ձերբակալել է սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունը զանգվածային բողոքների է դուրս եկել և արգելապատնեշներով փակել մայրուղիները մի քանի բնակավայրերում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, օրեր առաջ Սերբիան դիմել էր ՆԱՏՕ-ի KFOR (խմբ. Kosovo Force, ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունության ապահովման համար) առաքելության հրամանատարությանը՝ խնդրելով Կոսովո և Մետոքիա մտցնել սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ զորակազմ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի։