
Ադրբեջանի գործողություններն ու սադրանքները, լինեն դրանք ռազմական, թե այլ բնույթի, իրենց մեջ ակնհայտորեն պարունակում են սիստեմավորված և նպատակաուղղված տնտեսական սպառնալիքներ, Հայաստանի ու Արցախի տնտեսական անվտանգությանն ուղղված հարվածներ: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական քաղաքականության համար դա նպատակային գծերից մեկն է: Թե ինչն է հաշվարկը, թերևս չունի ավելորդ բացատրության կամ մեկնաբանության անհրաժեշտություն: Ըստ այդմ, երբ խոսվում է Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգի, նոր իրողությունների պայմաններում անվտանգության ճարտարապետության մասին, տնտեսական անվտանգության հարցերը ունեն ոչ պակաս կարևոր նշանակություն, քան անմիջական պաշտպանական համակարգին վերաբերող խնդիրները և անելիքները:
Ավելին, տնտեսական անվտանգության աստիճանն է, որ էապես պայմանավորելու է պաշտպանական համակարգի արդիականացման կայուն, հաստատուն և ամբողջական ընթացքը, երաշխավորելու է արդյունավետությունն ու հեռանկարայնությունը: Այդ հարցը պետք է լինի Հայաստանի պետական քաղաքականության առանցքը և այդ քաղաքականության տնտեսական բաղադրիչը պետք է կենտրոնանա ոչ միայն զուտ վիճակագրական ցուցանիշներ ապահովելու վրա, այլ տնտեսության որակական հատկանիշների և հեռանկարների, որոնք որոշակի պարագաներում կարող են նաև պահանջել վիճակագրական ցուցանիշների որոշակի դանդաղում կամ ավելի համեստ պատկեր, հեռանկարում սակայն ունենալով ավելի երարաժամկետ հուսալիության նախադրյալներ: Միևնույն ժամանակ, տնտեսական անվտանգության հարցը պետք է դառնա նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, եթե չասենք՝ ամենաառանցքայինը:
Խոշոր հաշվով, աշխարհաքաղաքականությունը պայքարն է տնտեսական ռեսուրսների համար, ու երրորդ համաշխարհային պատերազմը, որ հիբրիդային ռեժիմով ծավալվում է այսօր, գործնականում իր խորքում տնտեսական պատերազմ է, պատերազմ է տնտեսության համար, որն էլ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների մարտավարության ու ռազմավարության, այդ թվում նաև ռազմական կարողությունների հիմքն է: Ըստ այդմ, Հայաստանի դիվանագիտական բովանդակությունը թերևս տնտեսական բաղադրիչի ուժգնացման շնորհիվ կարող է դուրս գալ մի հարթություն, որտեղ հնարավոր է դիտարկել տարբեր ուղղություններով փոխշահավետ առարկայական օրակարգերի մասին խոսակցություն, միաժամանակ հասկանալով, թե որքանով են հաստատուն այս կամ այն ազդակները, այս կամ այն մտադրությունները, որ փոխանցվում են Հայաստանին ուղղակի, թե անուղղակկի խողովակներով: Հայաստանին պարտադրված է նաև տնտեսական պատերազմ, հետևաբար պետք է ճանաչել փաստը, որ Հայաստանը նաև տնտեսական պատերազմի մեջ է, ըստ այդմ պետք է գործել նաև ըստ այդ տրամաբանության: Խոսքը բնականաբար ոչ թե հրապարակավ ճանաչելու մասին է, այլ քաղաքականության մշակման և անելիքի գծագրման փուլում այդ հանգամանքը ֆիքսելու, ըստ այդմ համապատասխան ճանապարհային քարտեզ կամ նույնիսկ քարտեզներ կազմելու: