
Twitter-ը հայտարարել է, որ լուծարում է իր «Վստահության և անվտանգության խորհուրդը», որը զբաղվում էր առցանց անվտանգության հարցերով: Այս մասին հայտնում է CNN-ին:
Ըստ լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված նամակի, որը դեկտեմբերի 12-ի երեկոյան ուղարկվել է խորհրդի անդամներին՝ «ընկերությունը վերագնահատում է, թե ինչպես լավագույնս դրսից գնահատել մեր արտադրանքի և քաղաքականության մշակման աշխատանքները: Որպես այս գործընթացի մաս՝ մենք որոշել ենք, որ Վստահության և անվտանգության խորհուրդը դա անելու համար լավագույն կառույցը չէ»:
Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկն ընկերության ղեկավարությունը ստանձնելուց ի վեր բազմաթիվ փոփոխություններ է մտցրել սոցիալական մեդիայի քաղաքականության և գործելակերպի մեջ:
CNN-ը նշում է, որ Twitter-յան էջերից մեկը, որն այժմ հեռացվել է, հստակեցնում էր, որ խորհուրդը կազմված է արտաքին փորձագիտական կազմակերպություններից, որոնք խորհրդատվություն էին տրամադրում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առցանց անվտանգությունը, մարդու իրավունքները թվային ոլորտում, ինքնասպանությունների կանխումը, հոգեկան առողջությունը, երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները և այլն:
«Միասին նրանք աջակցում են անվտանգությունը և խորհուրդ են տալիս մեզ, երբ մենք մշակում ենք մեր արտադրանքը, ծրագրերը և կանոնները», – ավելի վաղ պարզաբանել էր Twitter-ը:
Անցյալ շաբաթ խորհրդի երեք անդամներ հրաժարական էին տվել՝ գրելով, որ «հակառակ Իլոն Մասկի պնդումների՝ Twitter-ի օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունը անկում են ապրում»: