
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, նշում է, որ նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը՝ առանց զենքի անմիջական գործադրման, բայց և դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումն է, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում:
Գիտական խորհուրդը ՀՀ իշխանություններից պահանջում է անմիջապես ձեռնամուխ լինել Արցախի ճանաչման գործընթացին։ Հավուր պատշաճի ձևակերպել պաշտոնական միջնորդություն և սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ։ Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլևս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա և հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը։
Վավերացնել ՄԱԿ-ի 1998 թվականի հուլիսի 17-ին հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը և մարդկության դեմ ուղղված հանցանքների հիմքով դիմում հարուցել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ընդ որում, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, քանի որ դրանից հետո Սահմանադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Այս և նմանաբնույթ հարցերում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը անվերապահ պատրաստակամություն է հայտնում՝ ցուցաբերելու պատշաճ մասնագիտական աջակցություն։
Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991 թ. դեկտեմբերի 10-ի «Արցախի անկախության հանրաքվեի» որոշումը, Ազգային ժողովի խմբակցություններին անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ մշակելով և ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներառելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ:
Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների անխափան կատարման առնչությամբ հստակ պարզաբանումներ ներկայացնելու հարցադրմամբ:
Այս առնչությամբ՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ հիշում, որ երբևէ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նմանատիպ հայտարարություններով հանդես եկած լինի: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն իր դեկանով, դեկանատով հայ ժողովրդին այլ պատմություններով է հայտնի ոչ դրական իմաստով: Այդ ամբիոնը, որն իրավունքի ամբիոն է, մարդու իրավունքի, քրեական իրավունքի ամբիոն է, 30 տարվա ընթացքում Հայաստանի կողոպտիչներին չի ասել, որ օրենք եք խախտում, Սահմանադրություն եք խախտում: Իսկ հիմա եկել մտել են իրենց գիտելիքի շրջանակներից դուրս ոլորտ: Իրենք իրավունքի ոլորտի մասնագետ են, ընդ որում իրավագիտության ֆակուլտետում նորմալ միջազգային իրավունք չկա, ավելի շատ քրեական իրավունք է, քաղաքացիական իրավունք է, իսկ Արցախի հարցը աշխարհաքաղաքականության հարց է: Սա իրենց գիտելիքի ոլորտը չէ, հետևաբար, իրենց հայտարարությունը ոչ գիտության հետ կապ ունի, ոչ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապ ունի: Հայտարարությունն ինքնին բացարձակ զրո գիտելիքով հայտարարություն է, որովհետև սա ընդհանրապես իրավական հարց չի, սա աշխարհաքաղաքական հարց է»:
Նա առաջարկեց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարությամբ դիմի ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով բացահայտել երկրի գողապետերին, որոնք Հայաստանի քրեական իրավունքն են խախտել, պատժել նաև իրավագիտության ֆակուլտետի հայտնի դեմքերին, որոնք հայ ժողովրդի պատկերացումներում ուրիշ բանի հետ են ասոցացվում. «Իսկ ընդհանրապես իրենք որևէ հայտարարություն անելու իրավունք չունեն, առավել ևս պահանջելու իրավասություն չունեն: Եթե ես լինեի իշխանություն, իրավաբանության ֆակուլտետը հինգ րոպեում կլուծարվեր, փոխարենը կստեղծվեր նոր ֆակուլտետ, որտեղ կուսումնասիրեին միջազգային իրավունք, պատմական իրավունք, ինչը այսօր գործող ֆակուլտետում չկա: Այնտեղ կան քրեական իրավունքի մասնագետներ, քաղաքացիական իրավունքի մասնագետներ, որովհետև այդ ամբիոնի նպատակը եղել է դատախազ պատրաստելը, որոնք կգնան և հայ ժողովրդի հաշվին փող կաշխատեն»:
Նրա խոսքով, իրենք կարող են առավելագույնը որպես անհատներ դուրս գալ փողոց և ինչ-որ հայտարարություններ անել, իսկ ֆակուլտետները նման հայտրարություններ անել, նման պահանջներ ներկայացնելու իրավազորություն չունեն. «Այսինքն իրենք լինելով իրվունք ոլորտի մարդիկ, բայց նույնիսկ ՀՀ Սահմանադրություն չգիտեն, իրենց բուհի կանոնադրությունը չգիտեն»,-ընդգծեց Սուքիասյանը:
Դիտարկմանը, որ սա կարծես քաղաքական ընդդիմության շահերի պաշտպանությանն ուղղված հայտարարություն էր, քաղաքագետը նկատեց, որ թեև Հայաստանում եղել է հեղափոխություն, սակայն որոշ շրջանակներ տարբեր թելերով կապված են նախկին հանցավոր իշխանությունների հետ. «Իրենց հայտարարությունը թեև ձևականորեն իրավական բնույթ ունի, բայց իրականում հայտարարությունն ու պահանջը լրիվ քաղաքական են: Սա նշանակում է, որ բուհերը Հայաստանում դեռևս կարգի չեն եկել, հատկապես ամենամեծ խնդիրը ամբիոններն ու ֆակուլտետներն են, որոնք չգիտես՝ ովքեր են ղեկավարում, որոնք հաստատ կապված չեն Հայաստանի ապագայի հետ, փոխարենը հաստատ կապված են Հայաստանի նախկին անցյալի հետ: Նման բաներ էլի են եղել և էլի են լինելու: Ինչքան Հայաստանը պրոբլեմներ ունենա, սրանք էլի կակտիվանան: Ես առաջարկում եմ ԿԳՄՍ նոր նախարարին նստել ու բուհերի կանոնադրությունները նորից կարդալ և համալսարանները կառավարել ըստ կանոնադրության: Իսկ նրանք, որոնք այդ կանոնադրությունը խախտում են, ուղղակի թող զբաղվեն այլ գործունեությամբ»,-ընդգծեց Հայկ Սուքիասյանը: