Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով առաջացած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով Ասկերանի շրջանում նույնպես ստեղծվել է շուրջօրյա օպերատիվ շտաբ: Այդ մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: Շրջվարչակազմի ղեկավարն ասել է, որ առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների հնարավոր գնաճը կանխարգելելու, ինչպես նաև սահմանված հատուկ կարգով վառելանյութը տրամադրելու նպատակով վերահսկողություն է իրականացվում։ «Շրջափակման օրվանից առ այսօր շրջանում գործում են հացի փռերը: Հացը կամ այլ տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքները շրջանում առայժմ բավարար են։ Մշտական կապ է պահպանվում մայրաքաղաքում ստեղծված օպերատիվ շտաբի հետ»,-նշել է Ապրեսյանը: