
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը
–Պարո՛ն Քոչինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Զեկուցվել է երկաթուղային ոլորտում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վարչապետը հայտարարել է, որ պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական: Նա կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման մասին: Երկարաժամկետ առումով ի՞նչն է խանգարում, որ մինչև հիմա չկա ռազմավարական տեսլական:
Դա բոլորի, այդ թվում կառավարության կողմից ոչ հետևողական աշխատանքի արդյունք է: Չի կարելի մի հարց բարձրացնել ամենաբարձր մակարդակով, հաջորդ օրն այդ հարցի մասին մոռանալ, և երեք ամիս հետո հանկարծ հիշել: Ռազմավարական հարցերը պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն: Եկեք նստենք, հիմնավորենք, որ դրա անհրաժեշտությունը չկա, հարցը փակենք, իսկ եթե հիմնավորում ենք, որ կա դրա անհրաժեշտությունը, ուրեմն պետք է ամենօրյա աշխատանք տարվի: Մարդիկ կան, որ աշխատավարձ են ստանում հենց դրա համար, որ ամեն օր դր ուղղությամբ աշխատեն: Հասարակության հետ պետք է աշխատել, բացատրել, որ սա անհրաժեշտ է, իսկ եթե հասարկությունը դեմ է, պետք է քննարկել, գուցե ճիշտ է ասում: Իսկ ինչու, ասենք, կես տարի առաջ դրան ռազմավարական նշանակություն չէին տալիս: 30 տարի այդ խնդիրը կա: 1991-ից, երբ փակվել է երկաթգիծը հարավում, երբ 1992-ին փակվել է երկաթգիծը Աբխազիայում, ապաշրջափակման հարցը թիվ մեկ հարցը պետք է լիներ Հայաստանում: Արևի նման անընդհատ երկնքում կանգնած է, մենք էլ անընդհատ նայում ենք ու ասում՝ ինչո՞ւ չենք կարողանում արևը բերել մեզ մոտ: Հաճախ թվում է՝ դա միայն տնտեսական խնդիր է: Ոչ, դա ռազմավարական խնդիր է, անվտանգության ու ապգայի խնդիր է: Հարցը միայն այն չէ՝ երկաթգծի վագոնները ռելսերի վրայով կգնան, թե չեն գնա, ինքնաթիռներով էլ կարելի է ամեն ինչ ներկրել, բայց հարցին գին կա:
Այսինքն 30 տարվա ընթացքում այդ հարցը երբեք որպես առաջնահերթություն չի՞ դիտարկվել:
Մի անգամ ղեկավարը հիշել է, առաջնահերթ է դարձել, հաջորդ օրը մոռացել է: Հետո նորից մի 6 ամիս հետո ինչ-որ մեկի ուղեղը փայլատակել է, նորից առաջնահերթ է դարձել հարցը, երեք տարի մոռացել են ու այդպես շարունակաբար մինչև այսօր:
Հիմա, երբ ամփոփում ենք 2022-ը, ընդհանրապես «Հարավկովկասյան երկաթուղին» ո՞ր չափով է իրեն արդարացրել, ներդրումները նորմալ կատարել:
Ես թվերին չեմ տիրապետում, պետք է նաև թվերի լեզվով ներկայացվի, ասվի, որ այսքան միլիոնի ներդրում է եղել, այսքան երկաթգիծ է նորոգվել, շարժակազմ է նորոգվել: Ես ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, ինձ համար, այդ թվերին չեմ տիրապետում: Եթե տիրապետեի, կսկսեի գոռգոռալ:
Այդուհանդերձ, հայտարարությունների մակարդակով նշվում է երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլականի մասին, ստացվում է, որ տեսլականը կա, բայց գործողությունների անցնելու մասով ենք կաղո՞ւմ:
Պատկերացնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղին» անսահման քանակությամբ փող ունի և անընդհատ երկաթգիծը դարձնում է արդիական: Հետո՞, ինչի՞ համար: Ասենք, դուք պատից կախված մի մեծ գանձ ունեք, մեկ միլիորդ դոլարանոց: Բայց եթե այդ գանձը հաջորդ օրը ձեզ մեկ դրամի օգուտ չի բերում, ո՞ւմ է դա պետք: Այսինքն արդյունավետության հասկացողությունը պետք է մտցնել, ի՞նչ ենք անում, որ այդ երկաթգիծը արդյունավետ դառնա: Հարցը, թե «որքան է արդյունավետ», շատ ավելի կարևոր է, քանի «ինչ անել» հարցը: Երբ ասում ենք մեր անելիքների քաղաքականություն, դա բազմաթիվ դետալներից է բաղկացած և հավատացեք, այդտեղ ոչ մի մանրուք չկա: Հիմա բանակին ժամանակակից զենքով զինե՞լն է թիվ մեկ խնդիրը, թե 3 մլն ժողովրդի բարեկեցությունն է թիվ մեկ խնդիրը, թե երեխաներին լավ կրթություն տալն է թիվ մեկ խնդիրը, և այսպես շարունակ: Բոլորը մեկ շրջանի մեջ պետք է նայել, և եթե դուք մի կողմի ուղղությամբ շատ եք գնում առաջ, էն մյուսները ոտքերիցդ բռնած չեն թողնում, որ դուք առաջ գնաք: Հավասարաչափ զարգացումը շատ կարևոր գործոն է հանդիսանում բոլոր ոլորտներում: