
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։
-Ռուսական «Կոմերսանտը» վերջերս հոդված էր հրապարակել, որ Մոսկվան և Թբիլիսին քննարկում են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։ Եվ որպես հիմնավորում նշվում է ռուսական կողմի այն տեսակետը, որ Վրաստանը Ուկրաինայում հակամարտության հարցում չի ենթարկվում Արևմուտքի ճնշմանը, չեզոք դիրքորոշում ունի։ Հնարավոր համարու՞մ եք նման հեռանկարը:
-Միանգամայն հնարավոր է, բայց այստեղ անհրաժեշտ է ճշգրտումներ կատարել. Վրաստանն, իհարկե, չեզոք դիրք չի գրավել, Վրաստանը Ռամշտայնի անդամ է, միջազգային բոլոր հարթակներում հետևում է Ռուսաստանի Դաշնության դեմ բոլոր միջազգային պատժամիջոցներին և խստիվ դեմ է քվեարկում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Սակայն բանավոր մակարդակում մեր իշխանություններն անընդհատ կրկնում են, որ Ռուսաստանի դեմ չեն կռվելու։ Եվ դա արդեն բավական է Մոսկվային իր ներկայիս իրավիճակում։ Դե, ինչ վերաբերում է օդային հաղորդակցության բացմանը, կարող են բացել, այլ բան, որ այսօր Ռուսաստանին ավելի շատ է պետք, քան Վրաստանին։ Կրկին հաշվարկն արվում է տեղեկատվական քարոզչության համատեքստում։
–Այն, որ Մոսկվան գնահատում է Վրաստանի իշխանությունների «պրագմատիկ գիծը» ուկրաինական հարցում, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Մենք տեսնում ենք, որ չնայած դրսից սադրիչ կոչերին, Վրաստանի կառավարությունը հավատարիմ է պրագմատիկ գծին», – նշեց պարոն Գոնչարը։ Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում Թբիլիսիի և Մոսկվայի միջև պաշտոնական հարաբերություններում։
–Փաստացի ես արդեն պատասխանել եմ այս հարցին, Մոսկվայի համար այսօր շատ կարևոր է ցույց տալ, որ ոչ բոլորն են իրենցից խուսափում, ինչպես ժանտախտից (բայց պետք է խուսափեն), հետևաբար նույնիսկ Վրաստանի նման դիրքորոշումը, որը ցանկացած այլ ժամանակ Կրեմլը թշնամական կհամարեր, այսօր կարծես Ամանորյա նվեր լինի անձամբ Պուտինին։
-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանում է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Երևանի, Թբիլիսիի և Բաքվի միջև քննարկելու գաղափարը՝ թշնամական հռետորաբանությունը վերացնելու նպատակով։ Նկատի ունենալով Թբիլիսի-Մոսկվա հռետորաբանության մեղմացումը, կարո՞ղ ենք ենթադրել, որ Մոսկվան սրան չի առարկի։
–Մոսկվային այս մասին ոչ ոք չի հարցնի՝ ո՛չ Թբիլիսիում, ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում։ Այս ֆորմատին աջակցում է Միացյալ Նահանգները, և այդ իսկ պատճառով այս ձևաչափն ունի հաջողելու հնարավորություն։