Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Արցախի անկախության 20-ամյակին` շնորհավորեց Արցախին այս մեծ հաղթանակի առիթով և նշեց, որ Արցախի ազատագրման ակունքներում եղել են կոմունիստները: «Ես ուրախ եմ, որ այսօր Արցախը հաղթանակած երկիր է և իր կեցվածքով ստիպելու է, որ աշխարհը ճանաչի նրա անկախությունը»: Հայաստանի անկախությանն անդրադառնալով նա ասաց. «Մենք կորցրինք Հայաստանը անկախության անվան տակ, Սովետական երկիրը հիանալի երկիր էր, հիանալի էր իր մտավորականությամբ: Այսօր ունենք փշրված արդյունաբերություն: Այդ անկախությունը ոչնչացրեց այն հաջողություններըը, որոնց մենք հասել էինք` մենք ձեթից ու ճրագից հասել էինք ԳԱԱ։ Հայասատանն ունի բնական հարստություններ` պղինձ, ոսկի, մոլիբդեն, դրանք պիտի լինեն պետության տրամադրության տակ, ոչ թե անհատների գրպանը մտնեն։ Լավ կողմը ալկոհոլի շշերն են, բայց թե տարողությունն ինչ է՝ ես չգիտեմ»:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` բանախոսը նշեց. «Ես ասացի, որ թղթի տնակ է, ՀԱԿ-ին ժողովուրդը «հայկական ազգային կատակերգություն» անունն է տալիս»: Ըստ նրա՝ սա նույն ՀՀՇ-ն է, և այսօր խոսում է փոփոխություններից։ Ինչի՞ չեն սպասում հերթականի, որովհետև իրենց շարքերում անդամագրվածներին մինչև հերթական մատների վրա հազիվ հնարավոր լինի հաշվել: Ո՞վ է ասել, որ ՀԱԿ-ը ընդդիմություն է, արմատական ընդդիմությունը կոմունիստական կուսակցությունն է, որը քարը քարին է դրել։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը երկխոսող կողմ դառնա, Թովմասյանը պատասխանեց. «Ես սոցիալիստական մտածողություն ունեմ, իսկ իշխանությունը լիբերալ է և գտնում է, որ հավերժ պետք է ծախել ամեն բան»։
Թե ընտրություններից առաջ ՀԿԿ-ն ինչ դիրքորոշում կունենա, Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Ամենաիմաստալից, ամենահավասարակշռված կուսակցությունը մեր կուսակցությունն է, մասնակցելու է ընտրություններին, ուսումնասիրել է և գտել, որ առնվազն տասնհինգ տոկոս ձայն ունի: Չնայած նրան` որ նոր օրենսգիրքը խայտառակ գրավ է դրել` ութ միլիոն դրամ, բայց պետք է պատրաստվենք ներդնել, հուսով ենք, կօգնեն նաև որոշ բիզնեսմեններ»։










































