Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Լիբիայի հարցով միջազգային շփման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Փարիզ մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այնտեղ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ այդ հանդիպումը տևել է 1 ժամ։ Հանդիպման ժամանակ կողմերը, երկկողմանի հարաբերություններից բացի, քննարկել են նաև լիբիական, սիրիական և ընդհանրապես մերձավորարևելյան զարգացումների, ՆԱՏՕ-ի ու Բալկանների, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների հարցը։
Հիշեցնենք, որ լիբիական նիստին մասնակցելու համար Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրավիրել էր Էրդողանին, որը, սակայն, մերժմամբ է պատասխանել նրան։ Էրդողանն իր այդ որոշումը «պատճառաբանել» է Ռամադանի տոնով։ Էրդողանի փոխարեն այդ նիստում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Իրականում Էրդողանը Սարկոզիին մերժել է այն պատճառով, որ Ֆրանսիայի նախագահն նրան չէր ուղարկել Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները սկսվելուց առաջ տեղի ունեցած Լիբիայի վերաբերյալ նիստին մասնակցելու հրավեր։










































