Միացյալ Նահանգները MQ-9 հարվածային-հետախուզական անօդաչու սարքեր է տեղակայել Հունաստանի արևելքում գտնվող «Լարիսա» ավիաբազայում, որը վերջերս է արդիականացվել: Այս մասին հաղորդում է Defense news պարբերականը։
«Լարիսա ավիաբազան գտնվում է ռազմավարական կետում՝ թույլ տալով MQ-9-երին հեշտությամբ աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի արևելյան և հարավային թևերին: Դրանց տեղակայումն այնտեղ չի կատարվել՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների, այլ զսպող ազդեցություն ունի և օգնում է խուսափել Ռուսաստանի հետ հակամարտությունից»,-հայտարարել Է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։ Պաշտոնատար անձինք չեն նշել ավիաբազայում MQ-9-ների թիվը, սակայն ըստ տեղական լրատվամիջոցների՝ խոսքը կարող Է լինել 8 ԱԹՍ-ների մասին:
Անօդաչու թռչող սարքերի տեղակայումը հնարավոր է դարձել փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին ԱՄՆ-ի և Հունաստանի միջև 1990 թվականին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու շնորհիվ: 2021 թվականին համաձայնեցված փոփոխություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ին թույլ է տրվում Հունաստանի «Լարիսա» և «Ստեֆանովիկիո» բազաներում իրականացնել մի շարք առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ ծովային պարեկային և հետախուզական ինքնաթիռների գործարկում և տեխնիկական սպասարկում, օդով բեռների փոխադրումների աջակցություն, լոգիստիկ աջակցություն և այլն: