Դեկտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել նախ Ադրբբեջանի նախագահ Ալիևի, իսկ հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, երկու հեռախոսազրույցները վերաբերել են եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը հայտնում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, որն Ադրբեջանը «բնապահպանական» ակցիայի քողի տակ դեկտեմբերի 12-ին փակել է արդեն երկրորդ անգամ: Ընդ որում, եթե առաջին անգամ միջանցքը բացվել էր մոտ երեք ժամ անց, ապա դեկտեմբերի 12-ին միջանցքը փակվել է մի քանի անգամ ավելի տևական ժամանակով, արգելափակելով Արցախի կապն արտաքին աշխարհի հետ: Իհարկե, թեև ռուսական կողմի տարածած հաղորդագրություններում չկա Լաչինի միջանցքի իրավիճակի մասին, այդուհանդերձ կասկածից վեր է, որ թե Ալիևի, թե Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում քննարկվել է այդ հարցը, և այն իհարկե շաղկապված է եղել եռակողմ պայմանավորվածությունների թեմային:
Գլխավոր հարցն այն է, թե ինչ շեշտադրումով, ինչ «ռակուրսից» է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը շաղկապվում այդ պայմանավորվածություններին, և դրանց հատկապես ո՞ր բաղադրիչին, իսկ գուցե նաև բաղադրիչներից մի քանիսին: Ըստ ամենայնի, Պուտինի երկու հեռախոսազրույցները «ձևավորում» են այն հանդիպման օրակարգը, որ տարեվերջին Մոսկվան ծրագրում է կազմակերպել Փաշինյանի և Ալիևի միջև՝ Սանկտ-Պետերբուրգում սպասվող ԱՊՀ ոչ պաշտոնական Վեհաժողովի շրջանակում: Այդ մտադրության, ավելի շուտ այդպիսի «պատրաստակամության» մասին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը, օրեր առաջ, ասելով, թե Մոսկվան դեմ չի լինի կազմակերպել այդպիսի հանդիպում, եթե կողմերը լինեն պատրաստ: Ըստ ամենայնի, հանդիպման օրակարգը «ձևավորվում» է նաև Լաչինի միջանցքում: Ընդ որում նկատենք, որ դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ Վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին առանձնազրույց, որի ընթացքում Հայաստանի վարչապետը խոսել էր լարվածության և իրադրության սրման վտանգի մասին: Դրան հաջորդում է Ադրբեջանի քայլը Լաչինի միջանցքի ուղղությամբ, որը «բնապահպանական» պատրվակով փակվում է արդեն երկրորդ անգամ, ընդ որում նախորդից զգալիորեն ավելի երկար: Առաջին անգամ Բաքուն փակել էր միջանցքը՝ Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, դեկտեմբերի 3-ին: Փաստացի, արդեն երկրորդ անգամ ստեղծվում է իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններով իր ստանձնած պատասխանատվությունը՝ ապահովել Լաչինի միջանցքով կապը Հայաստանի հետ: Դա ՌԴ պատասխանատվությունն է, որը խափանվում է արդեն երկրորդ անգամ:
Փաստորեն, Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ կատարում է քայլեր, որոնցով հարվածում է Ռուսաստանին: Հարց է առաջանում, իսկ Բաքուն կարո՞ղ է դա թույլ տալ իրեն: Ու, թող չհնչի տարօրինակ, բայց՝ կարող է: Ընդ որում, կարող է մի քանի պատճառով, բայց նախ և առաջ այն, որի անունն է Թուրքիա: Ադրբեջանի թիկունքին կա Թուրքիա, որը առավել ևս այսօր այնքան կարևոր նշանակություն է ստացել ՌԴ համար, որ Բաքուն կարող է «թուրքական շնչով» իրեն թույլ տալ որոշակի պայմանների առաջ դնել Մոսկվային: Իհարկե բանը չի հասնի Ալիևի «սանձարձակության», նա թերևս գիտե, լավ է զգում խաղի տարածությունը, սահմանը, բայց եղածի շրջանակում Ալիևը փաստորեն ստեղծում է իրողություններ, որոնք լրջագույն խնդիր ու մարտահրավեր են նախ և առաջ Արցախի ու Հայաստանի համար, որքան էլ այդպիսին լինեն նաև ՌԴ համար: Ալիևը «Լաչինից» թելադրե՞լ է Պուտինին՝ առաջիկա հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպման օրակարգի առնչությամբ, թե՞ Պուտինն է փորձել Ալիևին «բացատրել», որ ՌԴ խաղաղապահ մանդատի հեղինակության, և ընդհանրապես մանդատի հետ խաղը Ադրբեջանի համար կարող է արժենալ թանկ: Թե՞ այդուհանդերձ խոսք կարող է լինել ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական համատեղ խաղի մասին, ինչպես ասում են՝ ընդդեմ Արևմուտքի:
Հնարավոր է, իհարկե, ամեն ինչ: Բայց, այդ դեպքում հարց է առաջանում, իսկ Արևմուտքն ի՞նչ կարող է հակադրել այդ խաղին: Եթե չկա դրան հակադրելու ոչինչ, եթե չկա Ադրբեջանին որևէ սադրանքից հետ պահելու ռեսուրս կամ ցանկություն, ապա այդ դեպքում գուցե նախընտրելի է, որ չլինեն նաև այսպես ասած միջնորդական նախաձեռնություններ և չառաջանան դրանց հետ կապված պատրանքնե՞ր: Բայց, մյուս կողմից, պատրանքը դրանցով տարվողների խնդիրն է, ոչ թե դիվանագիտական այս կամ այն նախաձեռնության հեղինակների: Պատրանք առաջանում է այնտեղ, որտեղ չկա գիտակցում, չկա խորքային դիտարկում, չկա համապարփակ աշխատանք: Ըստ այդմ, գլխավոր հարցը հետևյալն է. Երևանում ու Ստեփանակերտում պաշտոնական, և ընդհանրապես դրանից զատ նաև Հայաստանում ու Արցախում հասարակական-քաղաքական, մեդիա, փորձագիտական, որևէ այլ հանրային մակարդակում ինստիտուցիոնալ առումով կա՞ այդ համապարփակ աշխատանքի ռեսուրսը, թե՞ կան միայն պատրանքներ ու դրանց պաշտպանության կույր կաղապարներ: