
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Կալավան եւ Անտառամեջ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են վարչական շենքերի հիմնանորոգման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Կալավան բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 68 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ ճամբարակի համայնքապետարանը։
Անտառամեջ բնակավայրի վարչական շենքի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 60 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։ Ծրագրով նախատեսված է Կալավանի եւ Անտառամեջի վարչական շենքերի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքների իրականացում, հատակների նորացում, բուժկետերի նորոգում, տարածքների բարեկարգում, սանհանգույցի կառուցում, այլ աշխատանքներ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ ավարտված է աշխատանքների մոտ 80 տոկոսը։