
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Այցի շրջանակներում Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախատեսվող այցերը գնահատում է Հայաստանի անվտանգային քաղաքականության դիվեսիֆիկացման համատեքստում․ «Սա դեռ անցած տարվանից է մեկնարկել։ ԱԽ քարտուղարը եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, այս տարի էլ՝ եվրոպական շատ երկրներում։ Ես այդ նույն կոնտեքստում եմ դիտարկում․ Հայաստանը փորձ է անում դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը։ Դժվար է ասել՝ ինչպիսի արդյունքներ կլինեն, ժամանակը ցույց կտա, բայց այդ այցերը հստակ ցույց են տալիս, որ փորձ է արվում դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտը։ Պետք է նաև հասկանանք, թե ամեն մի այցելության ժամանակ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, արդյոք ստորագրվում են փաստաթղթեր, թե ոչ։ Ես գիտեմ, որ առանձին այցելությունների ժամանակ փաստաթղթեր ստորագրվել են։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն, դա մեկ օրվա աշխատանք չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանի նման քաղաքականությունը ճիշտ է ու բխում է մեր շահերից։ Թե ինչպես Հայաստանի դիվերսիֆիկացման փորձերին կնայի Ռուսաստանը, քաղաքագետը նշեց․ «Ես հարցին չեմ նայում այն կոնտեքստում, թե ինչպես է դրան վերաբերելու Ռուսաստանը։ Ռուսաստանն այսօր մեր անվտանգությունը չի ապահովում և չի էլ թաքցնում այդ հանգամանքը։ Ռուսաստանը չի ճանաչում Ադրբեջանի ագրեսիան՝ ընդդեմ Հայաստանի։ Ռուսաստանը չճանաչեց սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիվ քայլերը։ Հակառակորդը հասավ Ջերմուկ, Ռուսաստանը դա ճանաչե՞ց ագրեսիա։ Հղում անել Ռուսաստանի վրա ու մտածել, թե ինչ կասի՝ սխալ է։ Եթե Ռուսաստանը աջակցեր մեզ, այդ հղումը ես կընդունեի։ Այդ դեպքում դուք կարող էիք հարցնել՝ դե Ռուսաստանը մեզ աջակցում է, ի՞նչ նպատակ ունի այլ տեղ գնալ։ Բայց Ռուսաստանը չի էլ աջակցում, ուրեմն այդ հարցադրումը մենք մեր լեքսիկոնից պետք է հանենք»։
Գրիգորյանի խոսքերով՝ Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ երբ դու ունենում ես այլընտրանքներ, այդ ժամանակ Ռուսաստանը հաշվի է նստում․ «Օրերս Սերբիայում անցկացվեց Սևծովյան խորհրդարանական վեհաժողովը։ Այնտեղ քննարկվում էր վերջնական հայտարարության հետ կապված հարցեր և կետ կար՝ կապված Ուկրաինայի հետ, որը բավականին մեղմ ձևակերպում ուներ։ Ուկրաինայի պատգամավորները պահանջեցին, որ ձևակերպումը խստացվի և հստակ գրված լինի, որ ագրեսիան կատարել է Ռուսաստանը։ Բնական է, որ այդ փոփոխությունն անցավ, գրեթե բոլորը կողմ քվեարկեցին՝ այդ թվում Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը ձեռնպահ մնաց։ Դուք կարող եք ասել՝ ահա, հիմա Ռուսաստանը լավ աչքով կնայի մեզ, բայց ոչ։ Նորից Լաչինի միջանցքը փակեցին, իսկ ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում։ Կարծես թե տրամաբանական չէ։ Եթե միջազգային հարթակներում Ադրբեջանն ընդդեմ Ռուսաստանի է քվեարկում, կարծես թե այստեղ էլ Ռուսաստանը մեզ պետք է աջակցեր, բայց դա տեղի չի ունենում»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքական էլիտան պետք է հրաժարվի այդ կոնցեպտից, այն աշխատող չէ․ «Ադրբեջանն «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանին և կարողանում է հասնել արդյունքի»,-եզրափակեց Գրիգորյանը։