Հայաստանում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի-մրցույթ փառատոնը, որի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչը: Նախորդ տարի Հայաստանը հաղթել էր մանկական «Եվրատեսիլ»-ին, որը անցկացվում էր Ֆրանսիայում: Կա՞ այստեղ որևէ խորհրդանշականություն, թե ոչ, սա թողնեմ յուրաքանչյուրի հայեցողությանը: Հայաստանում անցկացված մեծ միջոցառումը ուշադրության է արժանի այլ առումով: Էականն այն չէ, թե ով է հաղթել, որովհետև խոշոր հաշվով հաղթողը Հայաստանն է: Ոչ թե Հայաստանն իր ներկայացուցչի իմաստով, որն, ի դեպ՝ զբաղեցրեց երկրորդ տեղը, այլ Հայաստանը որպես պետություն, միավոր, սուբյեկտ, որը բարձր մակարդակով անցկացրեց միջազգային խոշոր միջոցառումը, անկասկած տպավորելով դրան հետևող տասնյակ և գուցե հարյուրավոր միլիոն հեռուստադիտողներին, Հայաստանի հազարավոր հյուրերին: Իսկ խոշոր միջոցառումները որևէ պետության ու հանրության, որևէ երկրի կարևոր այցեքարտերից են, որի նշանակությունը ամենևին լոկ երաժշտական կամ ճանաչողական-զբոսաշրջային չէ:
Հայաստանը ներկայացրեց տպավորիչ այցեքարտ, ցույց տալով, որ ունակ է ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխան միջոցառում կազմակերպելու, որում կարողացել է համադրել արդիականն ու համաշխարհայինը ազգային ինքնատիպ տարրերի և երանգների հետ: Միևնույն ժամանակ, իհարկե, բոլորովին պետք չէ այդ ամենն ընկալել այն տոնայնության և երանգների մեջ, կարծես Հայաստանը բարձր մակարդակով անցկացնելով մանկական Եվրատեսիլը, շահել է մի որևէ ճակատամարտ՝ այն բազմաթիվ դիվանագիտական, ռազմա-քաղաքական կամ տնտեսական մարտահրավերների շղթայում, որ առկա են Հայաստանի շուրջ: Ընդհանրապես, այդ առումով եվրատեսիլյան տոնը Հայաստանի հանրությանը, հանրային-քաղաքական կյանքը հերթական անգամ գցել էր «երկու ծայրահեղությունների» թակարդը:
Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում անցկացվող, բարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումը ենթարկվում էր թիրախավորման գործնականում զուտ քաղաքական նկատառումներից, քաղաքական համակրանքներից և կոնյուկտուրայից ելնելով, այսպես ասած ասոցացվելով օրվա քաղաքական իշխանության հետ: Իհարկե սա բոլորովին չի նշանակում, որ դժգոհություն արտահայտող, կամ դիտողություն պարունակող բոլոր դիրքորոշումներն էին պայմանավորված քաղաքական շահադիտությամբ: Կային անկասկած անկեղծ մտահոգություններ, որ Հայաստանն ունի չափազանց լուրջ մարտահրավերներ, ընդհուպ անմիջական անվտանգության ոլորտում, այդ թվում նաև Արցախխի ներառմամբ, ու Եվրատեսիլի ժամանակը, խրախճանքի ժամանակը չէ: Առերևույթ իհարկե հնչելով տրամաբանական, համապարփակ և խորքային առումով սակայն այդ փաստարկներն ու դիրքավորումները այդքան էլ ռացիոնալ չեն: Ի վերջո, Հայաստանի դիմադրունակությունը Եվրատեսիլի կազմակերպել-չկազմակերպելով չէ, որ վճռվում է: Եվ փոխարենը, միջազգային նշանակալի ուշադրոության առարկան միջոցառումը կազմակերպեով բարձր մակարդակով, ինչպես արդեն նկատեցի, Հայաստանը աշխարհին է ներկայանում այցեքարտով, որը կարող է թեկուզ փոքր, բայց օժանդակ գործոն լինել իր մյուս՝ գերկարևոր խնդիրների ու մարտահրավերների հարցում միջազգային հարաբերությունների արդյունավետության համար:
Միևնույն ժամանակ, այստեղ էլ թերևս պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ և իրավիճակը մատուցել իբրև Հայաստանի մի այնպիսի հաղթանակ, որը պետական մեծ նվաճում էր և «փակում» է բոլորի բերանը «ներսում», ու ապահովում Հայաստանի ապագա հաղթանակները դրսում: Այստեղ էլ կան այդպիսի կամ քարոզչա-քաղաքական նկատառումներով սնուցվող, կամ իհարկե նաև միանգամայն անկեղծ գնահատականներ ու դիրքավորումներ, որոնք հենց հակառակ ծայրահեղությունն են: Մինչդեռ, տեղի ունեցածի գլխավոր ազդակը թերևս մեկն է՝ աշխատանքը, պատասխանատու, բարեխիղճ, հետևողական, կարգապահ, նվիրված, պրոֆեսիոնալ աշխատանքը տալիս է տպավորիչ և բարձրակարգ արդյունք, և դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Հայաստանում անցկացված մանկական Եվրատեսիլը դրա վառ արտահայտումն էր, դրա գլխավոր ազդակը, ու այն պետք է լինի, դառնա ոչ թե ներքին հասարակական-քաղաքական «ինքնահոշոտման» արատավոր մեքենայի գեներատոր, այլ աշխատանքի հնչեղ ազդակ, պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության, հետևողականության ու նվիրվածության ունիվերսալ օրինակ բոլոր ներքին ու արտաքին հարցերում անելիքի համար, դառնալ՝ անկախ ոլորտից, ուղղությունից և կարգավիճակից այդօրինակ աշխատանքի որակի շուրջ համզգային չգրված կոնսենսուսի հրամայականի մասին անուղղակի ղողանջող զանգ:
Լուսանկարը՝ Photolure-ի