
Բաքվի հայտարարությունները, թե չեն պատրաստվում Ղարաբաղի խնդիրը քննարկել որևէ արտաքին սուբյեկտի հետ և դա համարում են բացառապես իրենց ներքին գործը, խորքային առումով բավականին վտանգավոր են և դրանց վտանգավորության մի շերտի մասին արդեն իսկ խոսել եմ նախորդ հրապարակումներից մեկում: Վտանգի շերտերը սակայն բավականին շատ են ու «բազմերանգ»: Ու դրանք կարևոր են դարձնում միջազգային դերակատարների արձագանքը Բաքվի հայտարարություններին: Այդ արձագանքը ժամանակի մեջ կամա, թե ակամա դառնում է որոշակիորեն ինդիկատոր, թե ո՞րն է այդ դերակատարների իրական նպատակը, կամ որքանով է իրական ռեգիոնում երկարատև խաղաղության, ուժի կիրառումը բացառելու հիմքեր ստեղծելու և հանձնառության մասին նպատակների բարձրաձայնումը, անկախ, թե որ դերակատարի մասին է խոսքը: Ի վերջո, այդ հանձնառության և պատրաստակամության մասին խոսում են բոլորը: Իսկ իրապաշտ գնահատականը թերևս բոլորի համար է դարձրել պարզ՝ շատ վաղուց, իսկ գուցե և հենց սկզբից, որ հայ-ադրբեջանական հակամարտության, ղարաբաղյան խնդրի կարգավորումը չափազանց բարդ հանգույց է, որտեղ հակադրությունների ու համադրությունների խառնուրդով «միահյուսվում» են լրջագույն աշխարհաքաղաքական շահեր ու ռազմավարություններ: Ըստ այդմ, լրջորեն մտածել, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի կարգավորում, այն էլ տեսանելի ապագայում շոշափելի կարգավորում, քաղաքական անհամարժեքություն է, ընդ որում մեղմ ասած:
Հետևաբար, իրապաշտությունը հուշում է, որ Կովկասում խաղաղության հանձնառությունը պահանջում է ոչ թե քայլեր կարգավորման, այլ քայլեր ուժի զսպման, կամ ուժի սպառնալիքի բացառման ուղղությամբ: Եթե չեն արվում այդ քայլերը, ու այդ համատեքստում նաև եթե գործուն արձագանք չի ստանում Ադրբեջանի պնդումը, թե երկու տասնամյակ շարունակ կարգավորման միջազգային ձևաչափով քննարկված արցախյան հարցն իր «ներքին գործն» է, այդ պնդումը կարող է վերածվել ռազմական նոր ագրեսիայի «լեգիտիմացման» քայլի, որի համար պատասխանատու է ոչ միայն Բաքուն, այլ նաև բոլոր այն դերակատարները, որոնք գործուն դիվանագիտական-քաղաքական նախաձեռնություններով հայտարարում են Կովկասի խաղաղությանը հանձնառու լինելու մասին: Կովկասի խաղաղության հանձնառությունը պահանջում է Ադրբեջանի համար հստակ սահմանել որևէ նոր ագրեսիայի գին: Այլապես հանձնառությունը անունով է խաղաղության, իսկ ամանում այն կլինի պատերազմի հանձնառություն: