
Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ներկայումս քննարկվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «եռակողմ» գազային նախագիծ ձևավորելու նախաձեռնությունը։ Վերլուծաբանները, հատկապես արևմուտքում, անմիջապես սկսեցին ասել, որ սա ինչ-որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական «խաղ» է։ «Խաղ» այստեղ չկա»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը հարևաններ են գազի փոխանցման ընդհանուր համակարգով: Նրանք շահագրգռված են, որ գազամատակարարումը չխաթարվի՝ հաշվի առնելով սպառման սեզոնային պիկերը:
«Օրերս ես մի զեկույց կարդացի, որ հանկարծ էլեկտրաէներգիայի կտրուկ դեֆիցիտ է տեղի ունեցել Ուզբեկստանում, ահա մի կոնկրետ օրինակ, երբ առանց որևէ քաղաքականացման և գաղափարախոսության պետք է օգտագործել մեր առավելությունները՝ մեր քաղաքացիների շահերից բխող գործնական հարցեր լուծելու համար»,- հավելել է նա։