
Արման Սարիբեկյանը Շիրակի մարզի Անի համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը: Այս մասին աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, ով այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:
«Սահմանված կարգի համաձայն` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները, և սահմանված մոտ ժամկետում Անի համայնքում կկայանան ընտրություններ։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի, ինչը բավական բարդացնում է աշխատանքը։ Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներկայացված էին, ավագանու բացակայության պարագայում նույնպես չեն կարող հաստատվել»,- նշել է մարզպետը։
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր առջև դրված պարտականությունները պատվով կատարելու համար։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։