Անցնող շաբաթ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը։ Նախարար Սուրեն Պապիկյանի գնահատմամբ՝ ներդնում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, և այն զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակ ունի։
«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուն կարող է ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ, իսկ հինգ տարուց կստանա ևս 5 մլն դրամ։
Այս առնչությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին քայլն է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման. «Որովհետև մենք ունենալու ենք զինվորներ, որոնք պատրաստված են լինելու, անցնելու են բոլոր պատրաստությունները: Այս օրենքով ժամկետային զինծառայողը 5 տարի անցնում է ծառայության, վեց ամիս անց արդեն սկսում է աշխատավարձ ստանալ՝ միաժամանակ որպես մասնագետ լավ պատրաստվել, տիրապետել բոլոր տեսակի զենք-զինատեսակներին։ Հինգ տարի ծառայելուց հետո արդեն միանվագ գումար է ստանում՝ հինգ միլիոն դրամ, որը այս ժամանակահատվածում շատ կարևոր է, քանի որ կա աշխատավարձի խնդիր: Բացի այդ, ամեն անգամ ատեստացիա անցնելով՝ զինծառայողի աշխատավարձը բարձրանում է։ Ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, մեր զինվորները պետք է ստանան բարձր աշխատավարձ և արտոնյալ պայմաններ»,-ասաց պատգամավորը:
Գագիկ Մելքոնյանը նկատեց, որ այսօր մեր բանակում ռուսական մոդելն է գործում, բայց հիմա արդեն ահագին բան կա փոխված. «Սպայակազմը ՆԱՏՕ-ական զարգացվածություն ունի, չէ որ մենք ՆԱՏՕ զորավարժություններին ենք մասնակցում, մենք փայլուն սպայակազմ ունենք, լավ պատրաստված։ Մենք ոչ միայն ռուսական տեխնիկային ու զինատեսակներին ենք տիրապետում, այլ նաև արևմտյան զինատեսակներին: Մենք ոչ միայն ռուսական զենքին պետք է տիրապետենք, այլ նաև ՆԱՏՕ-ականին»,-ընդգծեց նա:
Մելքոնյանի խոսքով, երբ սպաները ավարտում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական հաստատությունը և ստանում են զինվորական կոչում, միանգամից ստանում են երեք սենյականոց բնակարան. «Այսինքն մենք սպային ապահովում ենք բնակարանով, որ նա բնակարանի մասին չմտածի, աշխատավարձի խնդիր չլինի, և այս ամենը պրոֆեսիոնալ բանակի հիմքերն են, որ այսօր դնում ենք։ Սպայի մասնագիտությունը հայրենիքը պաշտպանելն է, հայրենիքի պաշտպանը պետք է արտոնյալ լինի, և մենք գնում ենք այդ ճանապարհով, քանի որ ինքն իր կյանքն է դնում հայրենիքի պաշտպանության համար։ Մեր հայրենիքի պաշտպանությունը բոլորիս խնդիրն է, չկա տարբերություն իշխանություն-ընդդիմություն, մենք բոլորս մտածում ենք մեր հայրենիքի հզորացման, պաշտպանության մասին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին. «Ամենօրյա ռեժիմով աշխատանք է իրականացվում, բոլոր փաստաթղթերն են ուսումնասիրվում: Երբ այդ ուսումնասիրությունը ավարտվի, արդեն մարդիկ կկանչվեն, կհարցաքննվեն, իսկ այս ընթացքում մի քանի գործեր ուղարկվել են դատախազություն, քրեական մի քանի գործեր կան»:
Գագիկ Մելքոնյանը նաև հավելեց, որ 44-օյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կարող է մի անգամ էլ երկարացնել իր գործունեությունը: Ըստ Մելքոնյանի՝ ամենայն հավանականությամբ, չեն հասցնի սահմանված ժամկետում ավարտել աշխատանքը և այդ ժամկետը երկարացնելու կարիք կլինի: