Սաուդյան Արաբիան և Չինաստանը ստորագրել են «համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր»։
Սաուդյան Արաբիայի լրատվական պաշտոնական գործակալությունը հայտնում է, որ եռօրյա այցի շրջանակներում մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Յամամե պալատում դիմավորել է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը։
Պաշտոնական արարողությունից հետո Սին հանդիպել է թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Չինաստանի միջև պատմական բարեկամական կապերը և այդ հարաբերությունների բարելավման ուղիները՝ երկու երկրների ընդհանուր շահերին համապատասխան։