
Սաուդյան Արաբիայում բարձր մակարդակի ընդունելության է արժանանում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որտեղ կայանում է Չինաստանի և արաբական երկրների առաջին Վեհաժողովը: Բացի այդ, Էր Ռիյադում չին-սաուդական երկկողմ բանակցություն է, Սի Ցզինպինը կհանդիպի այդ երկրի թագավորի և թագաժառանգի հետ: Նախատեսվում է տնտեսական, էներգետիկ գործակցության փաստաթղթերի ստորագրում: Չինաստանի նախագահին օդանավի մոտ դիմավորել է Սաուդյան թագավորական ընտանիքը, ինչը արդեն իսկ վերաբերմունքի ցուցադրություն է: Այյդ առնչությամբ միջազգային մամուլը նկատել է, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Սաուդյան Արաբիա անցել է ավելի սառը մթնոլորտում:
Անկասկած է, որ Սաուդյան Արաբիան դարձել է ամերիկա-չինական մրցակցության «օբյեկտ», ինչն էլ Սաուդյան իշխանությունն իր հերթին փորձում է օգտագործել իր աշխարհաքաղաքական սուբյեյկտությունը բարձրացնելու համար: Արաբական աշխարհի առաջնորդի դերակատարման հավակնող Էր Ռիյադը բարձրացնում է իր թե աշխարհատնտեսական, թե աշխարհաքաղաքական հավակնության նշաձողը, փորձելով վերափոխվող աշխարհում, նոր աշխարհակարգային փոխհարաբերության գնացող աշխարհում զբաղեցնել առանցքային տեղ ու դեր: Այդ գործընթացները էապես առնչվում են անվտանգության այն լայն համակարգի ճարտարապետությանը, որը մեծ ազդեցություն ունի կովկասյան ռեգիոնի վրա, գործնականում ներառում է Կովկասը, ըստ այդմ նաև Հայաստանի ու Արցախի անվտանգությանն առնչվող բազմաթիվ գործոններ:
Այդ կապակցությամբ, Հայաստանի և արաբական առաջատար երկրների փոխհարաբերության հարցը ստանում է թերևս ավելի մեծ նշանակություն, ըստ այդմ՝ աշխատանքային դինամիկայի անհրաժեշտություն: Ինչպես առիթ եմ ունեցել մի շարք անգամներ արտահայտվելու, արաբական աշխարհ ասելով իհարկե բոլորովին չենք արող նկատի ունենալ միատարր կամ պարզ մի կառուցվածք, քանի որ այդ աշխարհի առաջատար երկրների միջև իսկ կա փոխհարաբերության բավականին բարդ ու հակասական համակարգ, թեև կա նաև այդ բարդություններն ու հակասությունները հարթելու, կամ առնվազն համակարգելու գործընթաց և ջանք: Այդուհանդերձ, արաբական աշխարհը մոնոլիտ չէ, սակայն դա բոլորովին չի նվազեցնում այդ ուղղության աճող նշանակությունը միջազգային հարաբերությունների համատեքստում, և ըստ այդմ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի շրջանակում: Առավել ևս, որ խոսքը գործնականում ուղղության մասին է, որը ոչ միայն զուտ քաղաքական ազդեցության, այլ բազմակողմ ու բազմաբնույթ օրգանականության կապով է առնչվում Հայաստանի անվտանգության միջավայրին: Այդ իմաստով Սաուդյան Արաբիայի դերակատարումը հատկապես արժանի է ուշադրության, որքան էլ հասկանալի է խնդրի նրբությունը իրան-սաուդական հարաբերության բարդության առումով:
Ի վերջո, հաշվի առնելով նաև հենց արաբական աշխարհի, նաև ընդհանրապես Ծոցի երկրների միջև փոխհարաբերությունների բարդությունը, միաժամանակ այդ բարդությունից «ճառագող» հավանական անվտանգային ռիսկերը, որոնք Կովկաս հասնում են բավականին արագ՝ ինչպես ցույց է տվել ցավագին փորձը, Հայաստանի համար հույժ կարևոր է դառնում առանցքային բևեռների հետ աշխատանքային արդյունավետ հարաբերությունը: Իսկ Սաուդյան Արաբիան այդ բևեռներից մեկն է, որի հետ Երևանը ունի հարաբերություն, բայց ոչ պաշտոնական դիվանագիտական: Նախորդ տարի տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա, որն ընդհանրապես Հայաստանի ղեկավարի առաջին այցն էր այդ երկիր՝ երկկողմ դիվանագիտական հարաբերության բացակայության պայմաններում: Դրանից հետո եղել են արտգործնախարարների մակարդակով շփումներ, սակայն տևական ժամանակ է, որ իրավիճակը կանգ է առել այդ կետում: Հասկանալի է այն բազմազբաղությունը, որ հայկական դիվանագիտությունն ունի զուտ հայ-ադրբեջանական հակամարտության և ղարաբաղյան խնդրի անմիջական «շրջանակի» համատեքստում, սակայն Սաուդյան Արաբիան գործնականում ոչ միայն դե ֆակտո հեռու չէ այդ շրջանակից, այլ ունի դրանում շոշափելի դերակատարման մեծ ներուժ, որի հետ աշխատանքը Հայաստանի համար ունի անմիջական կարևորություն: