Պերուի արդեն նախկին փոխնախագահ Դինա Բոլուարտեն երդում Է տվել՝ որպես Պերուի նոր նախագահ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն իմփիչմենթ է հայտարարել Պեդրո Կաստիլիոյին: Պաշտոնանկ արված ձախ արմատական Կաստիլիոն նախագահի պաշտոնը ստանձնել էր 2021 թ.-ի հունիսին՝ գրեթե մեկուկես տարի առաջ: Պատգամավորները երրորդ փորձից իմփիչմենթ են հայտարարել նրան: Այդ մասին հաղորդում Է ТАСС գործակալությանը:
Դրան նախորդել են մի շարք քաղաքական սկանդալներ և Կաստիլիոյի հասցեին կոռուպցիայի և պետական պաշտոններում մերձավորների և անհրաժեշտ որակավորում չունեցող անձանց նշանակելու մեղադրանքներ: Անցյալ շաբաթ խորհրդարանականները քվեարկել էին իմփիչմենթի ընթացակարգ սկսելու օգտին, որի քննարկումը նախատեսված Էր դեկտեմբերի 7-ին:
Չսպասելով նիստին՝ Կաստիլիոն հայտարարել Էր Կոնգրեսն արձակելու և պարետային ժամ հայտարարելու մասին: Նա նաև հայտարարել Էր երկրի խորհրդարանի նոր կազմի ընտրության, Սահմանադրության փոփոխման և դատական համակագի բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Ինչպես երկրի խորհրդարանը, այնպես Էլ Սահմանադրական դատարանը մերժել էին Կաստիլիոյի հայտարարությունը՝ քաղաքական գործչին մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ: Ոստիկանությունն ու բանակն անցել էին Կոնգրեսի կողմը: Մի քանի ժամ անց Կաստիլիոն ձերբակալվել Էր իրավապահների կողմից՝ հասարակական կարգը լրջորեն խախտելու, լիազորությունները չարաշահելու և խռովություն հրահրելու փորձի մեղադրանքով:
Բոլուարտեն դարձել Է առաջին կինը Պերուի նախագահի պաշտոնում: Իր պաշտոնակալության ելույթում նա դատապարտել Է «Կաստիլիոյի ձեռնարկած պետական հեղաշրջան փորձը» և «բոլոր քաղաքական ուժերի՝ ինչպես Կոնգրեսում ներկայացված, այնպես Էլ արտախորհրդարանական ուժերի միջև ընդգրկուն երկխոսության» կոչ Է արել: Նա նաև հայտարարել Է այնպիսի կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: