Ազգային ժողովը եւ մասնավորապես որոշ պատգամավորներ հետաքրքիր տակտիկա են որդեգրել դատական իշխանության հարցում; դատական համակարգի/ ԲԴԽ հետ կապված զարգացումներում քար լուռ են ու ունեն մեկ բացատրություն-արդարացում՝ մենք չենք խառնվում դատական իշխանության գործերին։
Բայց արի ու տես, որ հենց ԱԺ-ում կատարվող ընտրություններն են հաճախ այդ զարգացումներին տանում եւ էլ ավելի խառնում հարցերը դատական համակարգում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ:
Միսկարյանի խոսքով` ԱԺ-ն չի կատարում այն գործառույթը, որը պետք է կատարեր խորհրդարանական երկիրը. «ԱԺ-ն իր ամբողջության մեջ քաղաքական անմեղսունակության տիպար է: Ձևավորել ենք մի ԱԺ, որը իր արածների համար պատասխանատվություն չի կրում: Այն բոլոր քայլերը, որոնք արվում են` ինչպես անել, որ դարձյալ վերընտրվել»: