
Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Համացանցում լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է՝ եղանակային պայմանների պատճառով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, նաև՝ վթարներ են եղել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Radar Armenia-ն հետաքրքրվեց, թե ինչ աշխատանք է տարվում ճանապարհների մաքրման ուղղությամբ։ Ըստ դեպարտամենտի՝ իրենց վերահսկողությամբ իրականացվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներ. «Դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները ձմեռային ժամանակաշրջանում չեն սպասարկվում երթևեկության ինտենսիվության բացակայության պատճառով»։
Ըստ դեպարտամենտի՝ ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ին ընդունված N 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով և դրույթներով։
Հետաքրքրվել էինք, թե ինչպես են կազմակերպվում ճանապարհների ձնամաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքները. «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաժանված են 38 շրջանների, և դրանց սպասարկումը կատարվում է մրցույթով հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների կողմից. միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, և կապալառու կազմակերպությունների կողմից ձնամաքրման աշխատանքները կատարվում են 24-ժամյա ռեժիմով»,- ասված է պատասխանում։