
Գեղարքունիքի մարզում, չնայած ջերմաստիճանի նվազմանը եւ տեղացած աննշան ձյանը, բոլոր ճանապարհները բաց եւ երթեւեկելի են մնում տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, դեկտեմբերի 4-ի եւ 5-ի տեղումները ձեւավորել են աննշան ձնածածկույթ, որը ցերեկվա ընթացքում վերացել է, ճանապարհները հիմնականում զերծ են եղել ձյան շերտից եւ գտնվում են միանգամայն անցանելի վիճակում։ «Մարզում այժմ որեւէ տեղ փակ կամ դժվարանցանելի ճանապարհ չկա՝ կապված ձմեռային եղանակին անցնելու հետ»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը։