
Տեղեկություն է տարածվել, որ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ, որը տարիներ շարունակ գրանցված է եղել ռազմական ոստիկանության համակարգում, ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր մոտ 18 միլիոն դրամ, սակայն չի հաճախել աշխատանքի: Այդ մասին տեղյակ է եղել այդ կառույցի ղեկավարը՝ նրա ամուսինը, սակայն ոչ միայն չի ձեռնարկել ոչինչ, այլ ստորագրել է այդ հանգամանքը ներառող ֆինանսական փաստաթղթերը: Սա ընդհանուր նկարագրությունն է, մանրամասները երկար չշարադրելու համար:
Ինչ ընթացք կունենա գործն ու ինչ ավարտ, ցույց կտա քննությունը, որի պարագայում իհարկե պետք է չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին, քանի դեռ չկա պաշտոնական դատավճիռ: Պատկերը սակայն ի ցույց է դնում Հայաստանը ավելի քան քառորդ դար կառավարած համակարգի «մտածողության մասշտաբի նեղության» այսպես ասած «կանխավարկածը: Պետական քաղաքական և ռազմական վերնախավի բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց ընտանեկան կապերով, կենցաղով գտնվել են պետության ու հանրության հանդեպ այնպիսի հարաբերության ռեժիմում, որը համարժեք չի եղել պատերազմի մեջ գտնվող, բարդագույն աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ կանգնած պետականությանը թե իրավական, թե քաղաքական, թեբարոյական, թե հոգեբանական, թե քաղաքակրթական ասպեկտով:
Բարդագույն միջավայրում և ահռելի մարտահրավերների առաջ գտնվող պետականությանը կառավարել է համատարած «մանրախնդրությունը»: Որևէ կերպ զարմանալի չէ, դժբախտաբար, որ այդօրինակ և այդորակ մտածողության կառավարման հետևանքը պետք է լիներ ողբերգական, անկախ, թե որ կետից ենք «հաշվում» իրադարձությունների զարգացումը: Բայց գլխավոր հարցը այսօր բոլորովին այլ է՝ իսկ ի՞նչ մտածողություն է կառավարում Հայաստանն այսօր, որովհետև միայն այն, որ այդ կառավարումը զերծ է համակարգված, բրգաձև կոռուպցիայի ստրուկտուրիզացված երևույթից, դեռևս բոլորովին սպառիչ պատասխան չէ վերնախավի մտածողության մասշտաբի վերաբերյալ առանցքային հարցին: Ի վերջո, նախորդ համակարգի կոռուպցիոն ստրուկտուրիզացիան եղել է մտածողության մանրության հետևանքը, այլ ոչ թե հակառակը: