Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին։
Վերջինս մեղադրվում էր 2021 թվականի մարտի 15-ին «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցնելու մեջ»:
Դատարանն արձանագրել է, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք առաջադրելիս պատշաճ գնահատման չի արժանացվել նաեւ վերջինիս անձն ու հասարակությունում նրա ունեցած դերը: Մասնավորապես այն, որ Զարուհի Փոստանջյանը հանդիսանում է «Երկիր Ծիրանի» քաղաքական կուսակցության ղեկավարը, որպիսի հանգամանքն առավել քան վկայում է այն մասին, որ տվյալ իրադրությունում նա հանդես է եկել որպես քաղաքական գործիչ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավար, իսկ քննության առարկա ելույթը կատարվել է քաղաքական խոսքի համատեքստում. «Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել այնպիսի փաստական տվյալ, որ ամբաստանյալը բռնություն կիրառելու դիտավորություն է ունեցել, ուստի նրա գործողություններն ու արված հայտարարություններն իրենց բնույթով չեն կարող ներկայացնել հասարակական վտանգավորութուն: Ավելին, Զարուհի Փոստանջյանն իր ելույթով ներկայացրել է իր հայացքները քաղաքական հարցերի մասին: Ընդ որում, Զարուհի Փոստանջյանի ելույթի ամբողջ համատեքստից հետևում է, որ նա ոչ թե հրահրել է բռնություն կիրառել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ արդարացրել է այդ բռնության կիրառումը, այլ, մեջբերելով պատմական դրվագներ, կանխատեսում է կատարել հետագա զարգացումների վերաբերյալ»,- նշված է վճռում: