
ՌԴ արտգործնախարարի արդեն հայտնի հայտարարությունները Հայաստանում խթանեցին Արցախի կարգավիճակի մասին խոսակցությունը, արդեն հայտնի շեշտադրումներով, որ պաշտոնական Երևանը «հանձնել» է այդ օրակարգը, չի խոսում ինքնորոշման մասին, չի խոսում կարգավիճակի մասին, և այլն: Պարզ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր արդյունքը, երբ պաշտոնական Երևանը այսպես կոչված բանակցային գործընթացում տարիներ շարունակ խոսում էր այդ մասին:
Տարիներ անց, ողբերգական, աղետալի իրողություններից հետո պետք է պարզվեր, որ այդ խոսակցությունները գործնականում ունեցել են առավելապես ներքին սպառման նպատակ, այդ կերպ խորացնելով հայկական պետականության թերևս գլխավոր ճգնաժամային հանգամանքը՝ այդ պետականության ազգային ինքնության հիմքում դրվել է ռազմական հաղթանակն ու առավելապաշտությունը, իսկ նույն այդ պետականության արտաքին քաղաքականությունը իր առանցքային ուղղություններից մեկում՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկել է փաստորեն այդ ազգային ինքնության «փոխզիջման» հարցը: Եվ խնդիրն այս պարագայում բոլորովին էլ փոխզիջումը չէ, այլ այն ճակատագրական հակադրությունը, որ ստեղծվել է պետական ինքնության ու պետական քաղաքականության կառուցվածքում:
Դա մոտավորապես նույնն է, երբ շենքի առաջին և երկրորդ հարկերը լինեն միմյանց տրամագծորեն հակառակ, միանգամայն տարբեր ուղղություններով: Որքա՞ն ամուր կարող է լինել այդպիսի շինությունը, որքա՞ն դիմակայուն, եթե իհարկե դուրս գանք այդ շինության գովազդային բնութագրերից: Իսկ Հայաստանի հանրապետությունը այսօր ունի այդ խնդիրը՝ դուրս գալ պետականության «գովազդային» ընկալումների դաշտից և իրերին նայել ըստ էության, գնահատելով խնդիրները, հնարավորությունները, դրանց հանդեպ մարտահրավերների հարաբերակցությունը և այլն: Արցախի կարգավիճակի, Արցախի անվտանգ ապագայի հարցը՝ ինչպես և նախ և առաջ Հայաստանի, ըստ էության կախված է լինելու այդ հաշվարկների ճշգրտությունից, այլ ոչ թե կարգավիճակի մասին խրոխտ հայտարարությունների հաճախակիությունից և դեցիբելային աստիճանից:
Արցախի կարգավիճակը նախ պետք է պահել ըստ էության, իսկ դա Արցախը հայկական պահելն է, Արցախում ժողովրդագրական պատկերը պահպանելն ու դրա աճն ապահովելը, Արցախը տարբեր թեկուզ ոչ քաղաքական խողովակներով միջազգային կյանքին կապելը, բայց ոչ թե դա Բաքվին հակադրելու և այդ կերպ դիմադիր արձագանք հրահրելու, այլ Արցախում մարդկային տարրական իրավունքների խնդիրը ավելի ու ավելի օրակարգ բերելու համար:
Արցախի կարգավիճակի հարցը առարկայորեն օրակարգ պետք է գա հենց այդ ճանապարհով, և այդ իմաստով պաշտոնական Երևանը դեռևս փետրվար-մարտին բարձրաձայնել է խնդրի՝ ներկա համաշխարհային և ռեգիոնալ իրողություններին, նաև ուժերի հարաբերակցությանը առավել համարժեք բանաձևը՝ Արցախում ապրող հայության անվտանգության և իրավունքների լիարժեք հասցեագրում-քննարկումներ, որոնցից պետք է բխի կարգավիճակի օրակարգայնացումը, որպես անվտանգության ու իրավունքների ամբողջական ապահովման գործիքակազմի և մեխանիզմի հիմք կամ տարր:
Լուսանկարը՝ Photolure-ի