
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունները, որ Հայաստանում տվեցին բուռն քննարկումների նոր առիթ, անկասկած արժանի են հանգամանալից և բազմակողմանի դիտարկման: Գլխավոր խնդիրն անշուշտ այդ դիտարկումներում ներքաղաքական կոնյուկտուրային մանիպուլյացիաներից հանրությանը և հանրային կարծիքը զերծ պահելն է, ինչը սակայն, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի պարագայում թերևս անլուծելի խնդիր է, գոնե առայժմ: Այդ խնդրի լուծման համար պահանջվում են կայացած ինստիտուտներ՝ մեդիա, քաղաքական, հասարակական, փորձագիտական կայացած ինստիտուտներ, ըստ այդմ մծշակույթ, ավանդույթներ, խաղի կանոններ: Այդ ամենը Հայաստանում բացակայում է իսկ խաղի թերևս միակ գործող «կանոնը» «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքն է: Մինչդեռ, ՌԴ արտգործնախարարի բավականին բաց բնույթի հայտարարությունները կարող են պարունակել իրապես բավականին բարդ և նուրբ խորքեր: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, Սերգեյ Լավրովը իր հայտարարությամբ փորձում է խաղաղ պայմանագրի կամ կարգավորման գործընթացի կառավարման ռուսական տարբերակի անարդյունավետության պատասխանատվությունը դնել Երևանի վրա, ասելով, թե Երևանը Պրահայում համաձայնել է կարգավիճակի հարցում Ադրբեջանի «ինքնիշխանության» ներքո տարբերակին, հետևաբար Ռուսաստանը չի կարող անել ոչինչ:
Գործնականում սակայն խնդիրն այն չէ, որ Հայաստանը այլ միջնորդական ջանքերի ուղղությամբ աշխատում է, որովհետև իր մաշկի վրա է զգում ռուսական ջանքի անարդյունավետության հետևանքը: Այդ ասպեկտին անդրադարձել եմ բազմիցս, և անկասկած լինելու են անդրադարձի նոր առիթներ՝ ցավոք սրտի: Տվյալ պարագայում հարկ է թերևս Լավրովի խոսքն ուշադրության արժանացնել փոքր ինչ ավելի խորքային շերտի կանխավարկածով:
Մասնավորապես, հնարավոր է, որ խնդիրը ոչ թե Հայաստանի վրա ռուսական տարբերակի անարդյունավետության պատասխանատվությունը «բարդելն» է, այլ ընդհանրապես՝ Ռուսաստանի նահանջի կամ նվազագույնը նահանջի մանևրի պատասխանատվությունը: Հայկական կողմը՝ Երևանն ու Ստեփանակերտը, թերևս պարտավոր են դիտարկել այդ ասպեկտը, կանխավարկածը, որքան էլ իհարկե լայն իմաստով թերևս աներկբա է, որ Ռուսաստանը Կովկասից չի նահանջի «կամովին»: Այսինքն, եթե Մոսկվան անգամ գնա այդպիսի քայլի, ապա կամ անհրաժեշտաբար, պարտադրված, այլևս մնալու կարողություն չունենալով, կամ էլ հենց տակտիկական նկատառումով՝ ինչ որ փլուզումների «տակ չմնալու» համար, եթե արձանագրում է, որ այդ փլուզումները, տվյալ պարագայում մեծ ապակայունացումը կարող է լինել անխուսափելի: Իսկ Ռուսաստանի հանդեպ կովկաասյան «երկրորդ ճակատի» խնդիրը անկասկած շարունակում է լինել միջազգային քաղաքականության բարդ հանգույցներում: Իսկ Ռուսաստանն իր ներկայիս դերակատարմամբ ու խաղաղապահ մանդատով, նաև Հայաստանում «անվտանգության» մանդատով, ըստ էության այդպիսի ապակայունացման ամենահարմար «պատասխանատուն» է, հատկապես Հայաստանի հանրության պրիզմայով դա մատուցելու համար, թեև հանգամանքը առանձնապես տարբեր չէ Կովկասի մյուս հասարակությունների պարագայում:
Ըստ այդմ առնվազն պետք է հարց տանք մեզ՝ իսկ արդյո՞ք Մոսկվան չկարողանալով ապահովել կայունության կառավարելի հեռանկար, կարող է կայացնել տակտիկկական նկատառումով հետ քաշվելու և այդ կերպ «կանխարգելիչ» ապակայունացում «սադրելու» տարբերակ, որի պարագայում բարդ կլինի պատասխանատվությունը թողնել Մոսկվայի վրա, և ավելին՝ կստացվի, որ իրավիճակը պայթեց, քանի որ միջամտեցին այլ խաղացողներ և Մոսկվան հետ քաշվեց՝ նրանց չխանգարելու համար: Հետևաբար, նվազագույնը մտապատկերում պետք է ունենալ, որ Ռուսաստանը կարող է ոչ միայն «կռիվ չտալ» խաղաղապահության մանդատի շարունակության համար և այդ կերպ փաստի առաջ դնել բոլորին, այլ նույնիսկ «սադրել» այդ հարցի «ժամանակից շուտ» օրակարգայնացում, ստեղծելով վակուում, ու Երևանի վրա թողնելով այդ մեծ վակուումի պատասխանատվությունը՝ արևմտյան միջնորդական ջանքերի շրջանակում աշխատանքի պատճառով: Իրավիճակը բավականին բարդ է, ըստ այդմ պահանջում է դիտարկում ոչ միայն ստանդարտ սխեմաներով ու մտապատկերով, ու որոշակի մշակումներ՝ այդ դիտարկումների ռիսկի գործնականացման միտումների պարագայում արձագանքի համար: