
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջև հարաբերության խորացման, կապի ընդլլայնման համար: ԱՄԷ ազգային տոնի առիթով Էմիրությունների ղեկավարներին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի հանրապետության նախագահը, նաև նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որն ինչպես հայտնի է նաև վաղեմի ընկերական հարաբերություն ունի արաբական աշխարհի երկրների շատ առաջորդների, այդ թվում ԱՄԷ նախագահի և փոխնախագահի հետ: Ընդ որում, Արմեն Սարգսյանի նախագահության շրջանում այդ հանգամանքը թերևս բավականին նպաստում էր կապի հաճախակիությանը, շփումներին, անգամ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չունեցող Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, ուր նախորդ տարի եղավ նաև Հայաստանի նախագահի առաջին այցը անկախությունից ի վեր: Անշուշտ, պայմանավորել այդ հանգամանքը լոկ Սարգսյանի ընկերական, նաև գործնական հարաբերությամբ, կլինի թերևս միամտություն՝ արաբական երկրների ուղղությամբ փոխհարաբերությունը դրսևորվել է նաև նրա նախագահությունից առաջ, և բազմազան խողովակներով,, բայց այդ գործոնն անշուշտ ուներ իր նշանակությունը և թերևս այն պետք է օգտագործել նաև այսօր, չնայած հանգամանքին, որ Սարգսյանը Հայաստանի նախագահ չէ:
Բանն այն է, որ համաշխարհային մեծ վերափոխումների համատեքստում արաբական աշխարհը հավակնում է լինել առանցքային դերակատար և իր նոր տեղն ու դերը ամրագրել աշխարհակարգային հեռանկարներում: Այդ տեղն ու դերը անշուշտ որակապես տարբերվելու է այն դերից, որ արաբական երկրները ունեին այսպես ասած յալթայան աշխարհակարգում: Միևնույն ժամանակ, անշուշտ բավականին բարդ են հարաբերությունները ինքնին այդ երկրների միջև, ինչը պահանջում է շատ նուրբ և զգուշավոր աշխատանք: Այդուհանդերձ, դրա տնտեսական, քաղաքական և անվտանգային անհրաժեշտությունը Հայաստանի համար չափազանց մեծ է և կարևոր, ըստ այդմ թերևս պետք է անել հնարավորը՝ արաբական ուղղությամբ դիվանագիտական ջանքը ավելացնելու համար: Ուղերձները անշուշտ կարևոր են, սակայն դրանք արժեզրկվում են առանց առարկայական քննարկումների և ընդհանուր օրակարգերի ձևավորման: Ընդհանուր օրակարգի և հետաքրքրությունների հիմք առկա է, պետք է կազմակերպել աշխատանքը այն ամրացնելու և ծավալելու ուղղությամբ, հարկ եղած դեպքում ներգրավելով ոչ միայն պետական օղակները: Արաբական աշխարհի հետ հարաբերությունը այդ տեսանկյունից առանձնահատուկ օգտակարություն կարող է ունենալ այն գերխնդրի համատեքստում, որ ունի Հայաստանը արևմտա-ռուսական դիմակայության պայմաններում, այդ դիմակայության հետևանքը մեղմելու, մուրճի և սալի արանքում չհայտնվելու համար: Իսկ այդ տեսանկյունից, արաբական աշխարհն այն ուղղություններից է, որտեղ կա այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքային միջավայր, իհարկե ամենևին ոչ հեշտ միջավայր: Պարզապես, ներկայիս աշխարհում գործնականում չեն մնացել աշխատանքային հեշտ ուղղություններ ու միջավայրեր և կա միայն անհրաժեշտության հարցը: