«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
-Պարոն Ստեփանյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում էր Ղարաբաղի կարգավիճակը թողնել սերունդներին, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները Սոչի են բերել Պրահայում ստորագրված փաստաթուղթ, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ինչն ըստ նրա, ենթադրում է Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ։
-Լավրովը որոշակի կերպով բացել է խաղաքարտերը։ Կոնկրետ ինձ համար որևէ նոր բան այդտեղ չկար։ Իրականում Հայաստանը փորձում է բանակցային պրոցեսի այսօրվա իրավիճակի մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը փորձում է անել հակառակը, խոսում է տաս տարի առաջվա իր առաջարկությունների՝ հայտնի «լավրովյան պլանի» մասին, խոսում է այն մասին, որ Ալիևն ու Փաշինյանը Սոչի են եկել Պրահայի տեքստով։ Բայց իրականում այս դիվանագիտական խաղերի հետևում ընկած է ընդամենը մեկ բան․ Ռուսաստանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը, ցանկանում է այն պահել հավերժ, այնքան ժամանակ որքան պահանջում են իր շահերը։ Այստեղ որևէ նոր բան չկա, այդ գործընթացը գնում է 1991 թվականից։ Արևմուտքը ցանկանում է վերջնականապես փակել ղարաբաղյան կոնֆլիկտը և երբ ասում ենք արևմուտք՝ նկատի ունենք Եվրամիություն և ԱՄՆ։Այդ ամենի գինը շատ պարզ է և դրված է խաղասեղանին։ Դա Ռուսաստանի հեռացումն է տարածաշրջանից։ Եթե արևմուտքին հաջողվում է Պրահայի հայտարարությունն իրագործել, այսինքն այն՝ ինչ դրված է բանակցային սեղանին, արցախյան կոնֆլիկտը փակվում է, և Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից։ Նպատակը դա է։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսաստանը շահագրգռված չէ դրանում և փորձում է պահել ղարաբաղյան կոնֆլիկտը։ Այս ամենի հետևում որևէ այլ բան փնտրել պետք չէ, մնացածը ածանցյալ խնդիրներ են։Հիմա մենք պետք է հասկանանք Հայաստանի շահերը։ Հայաստանի շահն, ըստ իս, այնուամենայնիվ, այդ կոնֆլիկտը փակելն է։
-Այսինքն՝ արևմտյան պլանով գնալը։
-Այո՛։ Գիտեք շատ լավ է հնչում, երբ ռուսներն ասում են՝ մենք ձեզ լավ բան ենք առաջարկում, Ղարաբաղի հարցը թողնում ենք ապագային։ Ի՞նչ է նշանակում՝ թողնում ենք ապագային, նշանակում է՝ շարունակել այն, ինչ տեղի է ունենում այսօր։ Մեզ դա ձեռնտու՞ է, կարծում եմ՝ ո՛չ։ Այնպես որ մենք այսօր այլընտրանք չունենք։ Իհարկե Հայաստանի համար ամենահարմար ճանապարհն Արցախի անկախությունն է, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ տարբերակը մեզ ոչ ոք չի առաջարկում։ Իսկ հասնել այդ տարբերակին ինքնուրույն՝ մենք ցավոք սրտի ի վիճակի չենք։ Այնպես որ ընտրությունն այդ երկու տարբերակների մեջ է։Ռուսականը՝ թողնել ապագային ու շարունակել այն, ինչ շարունակվում է այսօր և արևմտյանը՝ փակել հարցը։ Ես կարծում եմ՝ արևմտյան պլանն ավելի շատ է բխում մեր շահերից, չնայած դա էլ իհարկե կատարյալ չէ։
-Բայց ամեն դեպքում այն ենթադրում է Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմու՞մ։
–Միանշանակ։
-Ինքնավարության ինչ-որ աստիճանով։
-Ինքնավարությունը միանշանակ պետք է պահպանվի, քանի որ բոլորը խոսում են արցախահայերի իրավունքների մասին։ Մենք պետք է հասկանանք, որ եթե այդ կարգավիճակը՝ ինքնավարությունը չեղավ, ապա որևէ հայ Արցախում չի ապրելու։
-Քաղաքական իմաստով Լավրովի հայտարարությունն ի՞նչ նպատակ ունի, գուցե նաև ներքաղաքական դաշտի որոշակի փոփոխությունների է միտված։
–Լավրովն այդ հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ իրականում մեղքը Հայաստանի վզին է, որ Ռուսաստանը «լավ տարբերակ» է առաջարկում, քան արևմուտքը։ Եթե մարդ չիմանա՝ ինչէ դրա հետևում կանգնած, ապա լավ է հնչում՝ մենք չենք փակում Ղարաբաղի խնդիրը, այն թողնում ենք ապագային։ Բայց դա նշանակում է նոր արյունահեղություն, նոր մահեր հայաստանցիների ու արցախցիների համար։ Իրականում որևէ լավ բան այդտեղ չկա։ Սրանով Լավրովը հերթական անգամ փորձում է մոլորեցնել հայ ժողովրդին՝ ցույց տալով, թե Մոսկվան ավելի լավ տարբերակ է առաջարկում, քան արևմուտքը։ Դա այն դեպքում, երբ իրականությունը լրիվ հակառակն է։ Նորից շեշտեմ՝ Հայաստանի համար երկու տարբերակներն էլ լավը չեն, ամենալավը ինքնորոշումն է։Բայց ցավոք սրտի, այսօրվա աշխահաքաղաքական իրողություններում, այդ տարբերակն ընդհանրապես չի քննարկվում և մենք կարող ենք դրան հասնել միայն ու միայն մեր ջաներքով։ Մեր հնարավորություններն էլ այսօր քիչ են․ չունենք դրանք հասնելու պատրաստ բանակ ու ռեսուրսներ։