«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
–Հնդկաստանն ու Ֆրանսիան փորձագետների աշխատանքային խումբ են ստեղծելու Ուկրաինայում ռազմական գործողությունները վերլուծելու համար։ Մասնագետների նպատակն է լինելու «օպերատիվ, ռազմատեխնիկական և քաղաքական դասեր քաղել» շարունակվող ռազմական գործողություններից։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս նախաձեռնության վերաբերյալ, ի՞նչ նշանակություն ունի այն այս փուլում։
-Ֆրանսիան և Հնդկաստանը հաճախ շփվում են տարբեր՝ իրենց համար կարևոր ոլորտներում, ըստ երևույթին հարկ են համարել վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակ։ Ամեն օր չէ, որ ահաբեկչական խմբավորումը, որն իրեն անվանում է աշխարհի երկրորդ բանակ, նման պարտություն է կրում մարտի դաշտում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ուղեկցվում է ցեղասպանությունով, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներով։ Չնայած այս ամենին, ագրեսորը մարտի դաշտում պարտվում է և ստիպված քայլ առ քայլ նահանջում է։
– Անհրաժեշտ է արդյոք նմանատաիպ մի խումբ էլ Հայաստանը, որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, ձևավորի՝ իր բարեկամ Ֆրանսիայի հետ կամ առանձին։
–Հայաստանն, իհարկե, կարող է առաջարկել, բայց ներկայիս արտաքին քաղաքական միջավայրը դժվար թե դրան նպաստի։ Պետք է երրորդ կողմի ցանկությունը լինի, բայց քանի որ այդ ցանկությունը չի նկատվում, նշանակում է աշխարհն այլ կերպ է ընկալում իրավիճակը, քան Հայաստանը։
–Ուկրաինայի դեմ պատերազմը ցույց տվեց ռուսական կամ սովետական բանակի անկարողությունը և փլուզեց այն միֆը, թե այն աշխարհի ամենահզոր բանակներից է։ Արդյոք Հայաստանը չպետք է սրանից դասեր քաղի, ու վերակառուցի Զինված ուժերի իր մոդելը։
–Իհարկե, պետք է հետևություններ անել, և որքան շուտ, այնքան լավ։ Մենք երկար տարիներ քննարկել ենք այս թեման և բազմիցս կոչ ենք արել վերանայել երկրի անվտանգության ճարտարապետությունը: Որքան շուտ դա արվի, այնքան լավ Հայաստանի համար։
–Ընդհանրապես ինչքանո՞վ է իրատեսական հենց այս փուլում թուլացող Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվել։ Ուկրաինան ունի այլընտրանքներ, իսկ Հայաստանն արդյոք ունի։ Ֆրանսիան ու Հնդկաստանը կարո՞ղ են անվտագության առումով փոխարինել Ռուսաստանին։
–Ես կվերաձևակերպեի ոչ թե թուլացող Ռուսաստան, այլ պայթող պղպջակ, որը կոչվում է Ռուսաստան: Ցավոք, դա դեռ ոչ բոլորն են զգում և իներցիայից ելնելով համարում են ինչ-որ տարածաշրջանային սուբյեկտ։ Ինչ վերաբերում է Հայաստանի այլընտրանքին, ապա այն միշտ եղել է։ Իհարկե, արտաքին քաղաքական դիրքավորումը դեպի Արևմուտք դեռևս 1994-95 թվականներին իդեալական կլիներ, բայց հիմա էլ ամեն ինչ կորած չէ, Հայաստանը դեռ կարող է իր կամքը դրսևորել և վերջապես տեղափոխվել իր համար ավելի բարենպաստ միջավայր, որտեղ կան Հայաստանի հետ ընդհանուր արժեքներ։ Հիմա էլ նման հնարավորություններ կան։ Պաշտոնական Երևանը, Ուկրաինայի օրինակով, կարող է երկկողմ կամ եռակողմ դաշինք կազմել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կամ դաշինքին մոտ գտնվող երկրների հետ։ Ահա թե ինչպես Հայաստանը կարող է ապահովել իր բանակի բարեփոխումը անվտանգության նոր ճարտարապետության շրջանակներում։ Սրանք կարող են լինել փոքր երկկողմանի և եռակողմ դաշինքներ Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի հետ: Կարելի է ձգտել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակ ձեռք բերել, սակայն այդ ամենը հնարավոր է ՀԱՊԿ-ից և ռուսական ներկայությունից ազատվելուց հետո։ Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի։