
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկը մեկի հետևից վայր դրեցին պատգամավորական մանդատները: Ինչպե՞ս եք սա գնահատում, ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր խմբակցության այս «տերևաթափը»:
Կարծում եմ՝ քանի որ ընդդիմությունը ձախողել է պայքարի հերթական փուլը, գիտակցել է այդ ձախողումը և քանի որ պատասխանատու է այդ ձախողման համար, որոշել է, որ այնտեղ պետք է որոշակի ռեբրենդինգ, պետք են անձերի փոփոխություններ: Կարծում եմ՝ այդ նկատառումից ելնելով մի քանի գործիչներ որոշել են վայր դնել մանդատները: Ես մեր ընդդիմության քաղաքական խոհանոցին ծանոթ չեմ, չեմ բացառում, որ այնտեղ ստորջրյա ինչ-որ գործընթացներ կան, բյց կարծում եմ, որ ամյեն դեպքում դա նորմալ է, որովհետև այն մարդիկ, որոնք հրաժարվում են մանդատներից, փաստորեն, ձախողել են իրենց գործունեությունը և գուց եհույս կա, որ նրանց փոխարինողները կարող են ավելի արդյունավետ աշխատել:
Այսինքն հիմնական պատճառը ձախողված արտախորհրդարանական պայքա՞րն է եղել:
Բնականաբար այո: Ընդ որում, այս պայմաններում այդպիսի ձախողված պայքարից հետո ավելի տրամաբանական կլիներ, եթե շատ ավելի մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ վայր դնեին մանդատները: Որովհետև ունենալով հաջող պայքար վարելու բոլոր նախադրյալները, փաստորեն, ձախողեցին այդ պայքարը:
Ընդդիմությունը հայտարարում է, որ այդ տեղերը թափուր չեն մնա, նոր պատգամավորներ կգան խորհրդարան: Այս փոփոխությունները որքանո՞վ են ընդդիմության վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենում:
Դրանք ոչ բացասական ազդեցություն են ունենում, ոչ էլ դրական, որովհետև, ցավոք սրտի« հայաստանում խորհրդարանը որպես ինստիտուտ, վաղուց արդեն երկրորդական, երրորդական դերակատարում ունի: Խորհրդարանը որևէ դեր չունի պետական կառավարման համակարգում: Խորհրդարանն առավելապես քարոզչական կառույց է, այսինք կառույց, որտեղ ընդդիմությունը կարող է ներկայացնել իր գաղափարները: Դա ընդամենը քարոզչական հարթակ է: Հիմա նորերը կգան, թե չեն գա, կամ կգան ինչ կանեն, զուտ քարոզչության ոլորտում է ազդելու, որովհետև միևնույն է, ընդդիմությունը խորհրդարանում միևնույն է, լծակներ չունի: Միևնույն է, ընդդիմությունը կառավարության գործունեության վրա ազդելու որևէ մեխանիզմ չունի: Մենք այս ամենը պետք է գիտակցենք ընդամենը պրագմատիկ տեսանկյունից, թե ինչքանով է դա ընդդիմության հետագա գործունեությանն օգնելու: Մեծ հաշվով, մանդատները դնելը դրական է, որովհետև մարդիկ ձախողվել են, պետք է գնան, գան նորերը, փորձեն, գուցե ինչ-որ բան ավելի լավ անեն: Կրկնում եմ, դա ներքաղաքական կյանքի վրա ազդելու առումով որևէ նշանակություն չունի: Գուցե դա կոնկրետ գործիչների իմիջի առումով կարող է նշանակություն ունենալ: Այսինքն եթե ընդդիմությունն ուզում է հաջողության հասնել, խնդիրն անձերի փոփոխությունը չէ: Նրանք պետք է փոխեն իրենց գործելաոճը, փոխեն իրենց լրջության աստիճանը, փորձեն լուրջ ծրագրեր ներկայացնել: Իսկ թե դա ով կանի, դա արդեն երկրորդ խնդիրն է: Եթե ընդդիմությունը շատ լուրջ ծրագիր ներկայացնի, շատ լուրջ ճանապարհային քարտեզ ներկայացնի, յդ դեպքում հաջողության կհասնի: Եթե դա չկա, կապ չունի, թե ով է փորձելու ինչ-որ պայքարի իմիտացիա ստեղծել:
Հիմա երբ այս վիճակն է ստեղծվել, ենթադրվո՞ւմ է, որ քոչարյանական ընդդիմության ընտրած մարտավարությունը բերեց դրան:
Պետական շահի, հանրային շահի տեսանկյունից, որևէ նշանակություն չունի՝ այդ ընդդիմությունը կլինի խորհրդարանում, թե չի լինի: Ո՞ւմ է դա հետաքրքիր իրենցից բացի: Հասարակությանը հետաքրքիր է, որ այս իշխանությունների գործունեությունը եթե ինչ-որ հարցերում պետք է կասեցնել, ուրեմն պետք է լինի գաղափարական կարող ուժ, որը կարողանա հստակ ծրագրեր ներկայացնել ու դրանք իրականացնել: Եթե այդ ծրագրերը չկան, գաղափարները չկան, ի՞նչ տարբերություն, նրանք կլինեն խորհրդարանում, թե չեն լինի: Բացարձակ զրո նշանակություն ունի:
Կարո՞ղ ենք ասել, որ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը սպառել են իրենց:
Ընդդիմությունն, այո, սպառել է իրեն, իսկ իշխանությունները խորհրդարանական ուժ չեն ու չեն էլ եղել: Իշխանություններն, ընդամենը, խորհրդարանում ունեն կոճակ սեղմողների ինչ-որ մի գլխաքանակ: Այդտեղ անձերը կապ չունեն, իշխանությունների համար կարևոր է, որ այնտեղ լինեն մարդիկ, որոնք անհրաժեշտ պահին անհրաժեշտ կոճակը կսեղմեն: Այսինքն իրենք սպառելու խնդիր չեն էլ ունեցել: Ընդդիմությունն, այո, սպառել է իրեն, որովհետև բավարար չափով էֆեկտիվորեն չի օգտագործել խորհրդարանական հարթակը, լծակները: Ես, իհարկե, գիտեմ, որ անձերի փոխվելու դեպքում ոչինչ չի փոխվելու: Այ եթե խորհրդարանում այլ քաղաքական ուժեր հայտնվեին, դա կարող էր փոխել իրավիճակը: Բայց դա հնարավոր է միայն արտահերթ կամ հերթական ընտրությունների դեպքում: Եթե դա տեղի չի ունենում, անձերի փոփոխությունը որևէ լուրջ հետևանք չի ունենում: