Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը: Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի հետ:
Մասիս Մելքոնյանի խոսքով` Սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսելիս չի եղել կարծիք, որ փոխենք կառավարման ձևը. «Ժամանակին այս կառավարման մոդելին անցնելը քննադատվել է գործող իշխանության կողմից: Հայաստանում անհրաժեշտ էր կառավարման նախագահական համակարգը, որը ենթադրում է իշխանությունների տարանջատում»: