ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չեղարկելու որոշմանը, Աղաջանյանն ասել է. «Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է»։