ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, ներկայիս քննարկումների, բանակցային հեռանկարների մասին, իր հարցազրույցում նշելով նաև, որ շատ կարևոր է, որպեսզի լինի քննարկում Արցախի կարգավիճակի շուրջ: Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ չի կարող լինել կարգավիճակի որևէ հարց և այն փակված է, չկա Լեռնային Ղարաբաղ: Սա լրջագույն փակուղի է ամբողջ բանակցային հեռանկարի համար:
Բաքուն փորձում է օգտվել պատերազմի ռազմական հաղթանակի և նոր ստատուս-քվոյի հանգամանքից՝ մի կողմից, և մյուս կողմից նաև այն աշխարհաքաղաքական իրավիճակից, որ կա այսօր և որն արտահայտվում է ամերիկա-ռուսական մեծ դիմակայությամբ ու կազմալուծել է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, այդ մանդատը դե ֆակտո վերածելով ոչնչի, թեև դե յուրե այն պահպանում է իր գոյությունը: Այդ պայմաններում, կարևոր է, որ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը խոսում է կարգավիճակի մասին: Կարևոր է ոչ միայն խոսքն ինքնին, այլև այն, որ դրա մասին խոսում է դիվանագետը, որը եղել է մասնակից այն գործընթացի, որում կարգավիճակի հարց քննարկվել է և քննարկվել է նաև Բաքվի պաշտոնական մասնակցությամբ:
Ադրբեջանը ձգտում է ըստ էության զրոյացնել հենց նախկին քննարկումների բովանդակությունը, «պատմությունը»: Այստեղ թերևս նախկին համանախագահների «ինստիտուտը» կարող է ունենալ այդ զրոյացումը, հետևաբար նաև վտանգավոր փակուղին կանխելու որոշակի օգտակար դերակատարում, եթե նախկին համանախագահները, որ մասնակցել են մինչպատերազմական բանակցային գործընթացներին, պարբերաբար արտահայտեն իրենց մոտեցումներն ու նաև ներկայացնեն այդ գործընթացի բովանդակությունը: Կա՞ հայկական կողմի համար այդ «ինստիտուտի» ձևավորման ուղղությամբ աշխատանքի նպատակահարմարություն կամ որոշակի հնարավորություն: Խոսքն իհարկե որևէ «պաշտոնական» ձևավորման մասին չէ, այլ թեկուզ պարզապես նախկին համանախագահների դիվանագիտական հետագծի այս կամ այն դե ֆակտո ձևաչափով «կոնսոլիդացման» ու «կորդինացման», ինչի շնորհիվ նրանք կարող են հրապարակ բերել բովանդակություն, որը կարգավիճակի բաղադրիչը վերականգնելու հարցում կարող է լինել հայկական կողմի ջանքին օժանդակող գործոն: Ընդ որում, խոսքն անշուշտ լոկ նախկին ամերիկացի համանախագահների մասին չէ, այլ նաև մյուս համանախագահ երկրները ներկայացրած դիվանագետների, ընդ որում անշուշտ միամիտ կլինի մտածել, թե այդ հարցում պատրաստակամ կարող են լինել բոլորը, և, որ այդ աշխատանքը հնարավոր կարող է լինել առանց այդ երկրների քաղաքական ղեկավարության հետ աշխատանքի: Այդուհանդերձ, բանակցային ավելի քան երկու տասնամյակի «ինստիտուցիոնալ հիշողությունը» ամբողջապես վերականգնելու հարցում նախկին համանախագահների հանգամանքը կարող է լինել օգտակար: