Ցանկացած խնդիր լուծելու համար պետք է առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ ֆինանսական միջոցներով է դա արվելու, որովհետև ցանկացած խնդիր ունի իր արժեքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Ինչ վերաբերում է ապակենտրոնացմանը, այդտեղ առաջինը տրանսպորտային համակարգի բարելավումն է, որպեսզի քաղաքացիները մի տեղից մյուսը բավականին հեշտ տեղաշարժվեն: Այո, շատ բան կենտրոնացած է քաղաքի կենտրոնում, մենք գիտենք, որ այդ խնդիրն ունենք և դա միանգամից լուծել հնարավոր չէ: Ես վստահ եմ, որ երբ մենք ունենանք նորմալ աշխատող տրանսպորտային համակարգ, դա կլինի այն գործիքը, որը հնարավորություն կտա ապակենտրոնացնել քաղաքը: Այսինքն Երևանի բոլոր վարչական շրջաններում ունենանք համաչափ զարգացվածություն: Բացի այդ, մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում, և դրանք հիմնականում ծայրամասերում են»,-ասաց նա: