Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց խմելու ջրի սակագինը փոփոխել։ Ըստ հանձնաժողովի որոշման` սոցիալապես անապահովների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ` 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար այն 200 դրամից կդառնա 208,5 դրամ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։
Հանձնաժողովի այս որոշման համար հիմք է հանդիսացել գնաճը, որը, ինչպես նշվեց նիստում, սակագնի ճշգրտման հաշվարկներում այս տարի կազմել է 8,3%, իսկ աճողական վարձակալության պայմանագրի մեկնարկից սկսած՝ 21,3%։ Ընդ որում, հանձնաժողովի հաշվարկների համաձայն, ջրի սակագնի մեծությունը էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ պայմանավորված ավելանում է 3,85 դրամով, գնաճով պայմանավորված՝ 23,51 դրամով։