Արցախի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանը արտգործնախարարի պաշտոն զբաղեցնելու որևէ առաջարկ չի արել Հայաստանի նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին: Ըստ խոսնակի, այդպիսի հարց օրակարգում չկա և նոր նախարարների նշանակման հարցը կընթանա ըստ կարգի: Փաստացի, Արցախի նախագահի խոսնակը չի էլ բացառել, որ ըստ իրավիճակի զարգացման կարող է լինել այդպիսի առաջարկ: Իսկ դրա մասին հրապարակել էր հայաստանյան մամուլը, հայտնելով, որ Արցախի նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձևավորում է իր թիմը՝ իր իրավասության տակ գտնվող նախարարությունների նոր ղեկավարներով, և այդ շրջանակում արտգործնախարարի պաշտոնի թեկնածու դիտում է նաև Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին: Ըստ հրապարակումների, Վարդանյանն այդ առաջարկը կանի Մոսկվայից վերադարձից հետո, ուր մեկնում է այս օրերին: Մինչ այդ, Արցախի նախագահի հրամանագրով մի շարք նախարարներ ազատվել են պաշտոնից և ներկայումս ժամանակավոր պաշտոնակատար են: Ըստ ամենայնի, նրանց փոխարեն իր նախընտրած կադրերին կնշանակի Ռուբեն Վարդանյանը, բացառությամբ ուժային կառույցների, որոնք մնում են նախագահ Հարությունյանի ենթակայության տակ:
Վարդանյանը վերջին օրերին խոսում է այն մասին, որ Արցախը պահելու, փրկելու համար պետք են նոր մոտեցումներ, պետք է համահայկական ջանքի կենտրոնացում: Հարկ է թերևս նկատել, որ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը կարող է լինել իսկապես նոր մոտեցում, իր ամբողջ հարաբերականությամբ հանդերձ: Հարաբերական այն իմաստով, որ խոսքը Հայաստանի նախկին պաշտոնյաների մասին է, սակայն գործիչների, որոնք զբաղեցրած լինելով Հայաստանի արտգործնախարարի պաշտոն, փաստացի տիրապետում են ոչ միայն մեծ փորձի, այլ նաև որոշակի կապերի, հաղորդակցության, «նախապատմության» և այլն: Ավելին, այստեղ խնդրի մասնագիտական-քաղաքական կողմից զատ կա նաև մեկ այլ՝ հոգեբանական կողմ, երբ կլինի բացառիկ իրավիճակ՝ Հայաստանում բարձր քաղաքական պաշտոն զբաղեցրած մարդը մեկնում է Արցախ և զբաղեցնում չճանաչված պետության արտգործնախարարի պաշտոնը, այն էլ շատ բարդ ժամանակահատվածում: Կլինի՞ առաջարկ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին, և կընդունե՞ն նրանք այդ առաջարկը:
Վարդան Օսկանյանն օրինակ տևական ժամանակ է հրապարակում է հոդվածներ, որոնցում փորձում է գնահատել առկա իրավիճակը, հուշել մոտեցումներ, լուծումներ և այլն: Ընդ որում, հարկ է նկատել, որ նա դա փորձում է անել մասնագիտական կոռեկտության շրջանակում: Իհարկե հնարավոր է համաձայնել այդ մոտեցումների հետ, կամ ոչ, սակայն տվյալ պարագայում նա կարող է ստանալ ոչ թե հոդվածններով, այլ անմիջական մասնակցությամբ ինչ որ բան փոխելու հնարավորություն, եթե պատրաստ է: Որովհետև նա կարող է ասել, որ Արցախի արտգործնախարարի պաշտոնը չունի քաղաքական ազդեցություն, որովհետև ճանաչված չէ, հետևաբար մոլորություն է դրանով բան փոխելու հնարավորությունը:
Մյուս կողմից, ի վերջո կասկած չկա, որ բարդ իրավիճակից լուծումներ հնարավոր է փնտրել միայն Արցախի սուբյեկտության քայլ առ քայլ վերականգնումով, այլապես որևէ մեկը միայն Հայաստանի ջանքով կամ կամքով այդ սուբյեկտությունը «սկուտեղի» վրա չի մատուցելու Արցախին:
Եվ Հայաստանի տասնամյա արտգործնախարար Վարդան Օսկանյանը թերևս իր գործունեության ընթացքում անձամբ է ունեցել Արցախի սուբյեկտության բացակայության խնդիրը զգալու հնարավորություն, առավել ևս, որ նախարար է եղել հենց այդ խնդրի «ձևավորման» կամ «սկզբնավորման» փուլում, երբ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումն աստիճանաբար բերեց նրան, որ բանակցային գործընթացում Արցախը լիովին փոխարինվեց Հայաստանով: Այժմ իրավիճակ է, երբ պատկերը հնարավոր է փոխել հենց Արցախից, Արցախում, ու Հայաստանի նախկին արտգործնախարարներից որևէ մեկին Արցախի դիվանագիտական աշխատանքի ղեկավար նշանակելը այդ առնչությամբ կարող է լինել հետաքրքիր գաղափար, անկախ արդեն դրա քաղաքական զանազան մոտիվներից, որոնք անշուշտ կան և չեն կարող չլինել որևէ պարագայում: Առանցքայինն այն է, թե ինչ է հնարավոր դուրս բերել այդ մոտիվներից, եթե դրանց համատեքստում առաջանում է հետաքրքիր գաղափարների անհրաժեշտություն: