«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը վստահեցնում է՝ չնայած նրան, որ ԵՄ իշխանություններն արգելել են Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև ավիահաղորդակցությունը, այնուամենայնիվ, իրենք շարունակում են միջուկային վառելիք մատակարարել եվրոպական երկրներին:
Կոմարովն այս մասին ասաց «Ատոմէքսպո 2022» միջազգային ֆորումի շրջանակում ասուլիսում: «Մենք այսօրվա դրությամբ պայմանագրերի որևէ լուրջ մերժում չենք ունեցել: Դա վերաբերվում է այդ թվում միջուկային վառելիքի ցիկլի տիրույթին: Մենք չափազանց մեծ խաղացող ենք այս տիրույթում, որպեսզի ուղղակի դադարեցնեն մեր հետ աշխատել, որովհետև չկա որևէ հիմք: Կարող եմ միայն մի բան ասել, որ այս պահին էլ, երբ Եվրամիության իշխանությունները արգելել են Եվրամիության և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը, ամբողջ այս ընթացքում Ռուսաստանից ինքնաթիռները շարունակում են թռչել և միջուկային վառելիք ու հարստացված ուրան տրամադրել եվրոպական ատոմային օբյեկտներին: Հիմա դրանք արտահանում ենք փոքր-ինչ ավելի բարդ լոգիստիկ ճանապարհով, բայց այնուամենայնիվ, մենք արտահանում ենք»,-ասաց Կոմարովը՝ հավելելով, որ շարունակվում է արտահանումը նաև ԱՄՆ:
Նա վստահեցրեց, որ երբեք թույլ չեն տալիս քաղաքական նկատառումներից ելնելով՝ վտանգի ենթարկել միջուկային վառելիքի ցիկլի ոլորտը: «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը հայտնեց, որ տարվա սկզբից կնքել ենք բավարար չափով նոր պայմանագրեր աշխարհի տարբեր երկրների հետ:
Խոսելով «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովից՝ նա նշեց, որ այս տարի 65 երկրից 2500 մասնակից է եղել: Կոմարովը դա համարեց շատ լավ ցուցանիշ: Անցկացվել են մեծ թվով կլորս եղան-քննարկումներ, կնքվել են ավելի քան 50 պայմանագրեր, հուշագրեր: «Ֆորումը հնարավորություն է տալիս փոխանակվել մտքերով, թե ինչ է կատարվում աշխարհում, առաջին հերթին՝ էնեգետիկայի ոլորտում և թե ատոմային էներգետիկան ինչ դեր կարող է խաղալ՝ լուծելու այն խնդիրները, որոնց բախվել է համաշխարհային հանրությունը»,-ասաց Կոմարովը: