
Շիրակի մարզում թեև չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են թիթեղյա վառարաններով: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։
Նրա տվյալներով՝ Շիրակի մարզում մարզպետարանի ենթակայության տակ գործում է 146 դպրոց, որոնք բոլորը ջեռուցվում են: «Հիմնականում կենտրոնական համակարգով գազաֆիկացմամբ ջեռուցվող դպրոցներն են, կան տեղում հեղուկ վառելիքով՝ կենտրոնացված և էլեկտրականությամբ ջեռուցվող դպրոցներ»,- նշեց Գևորգ Ղումաշյանը տեղեկացնելով, որ կենտրոնական ջեռուցում ունեցող կամ էլեկրականությամբ տաքացող դպրոցների կողքին մարզում դեռ 13 դպրոց թիթեղյա վառարաններով ու հեղուկ վառելանյութով է ջեռուցվում: «Մարզպետի հանձնարարականով այս պահին աշխատանքներ ենք տանում, որ կարճ ժամանակում թիթեղյա վառարաններով ջեռուցումից անցում կատարենք էլեկտրականության, կամ այլընտրանքային ջեռուցման, ինչը ոչ միայն տնտեսապես է ավելի արդյունավետ, այլ նաև էկոլոգիապես»,- նշեց պատասխանատուն:
Կապված մարզում տարբեր համայնքերում եղանակային տարբերությունների հետ, ըստ պատասխանատուի, դպրոցներում ջեռուցումը սկսելու ամրագրված օր չկա։ Եթե կարիքը կա, որ դպրոցը ջեռուցումը սկսի հոկտեմբերին, ուրեմն դպրոցը ջեռուցվում է: «Եթե պահանջը զգացվի, դպրոցները ավելի շուտ են սկսում ջեռուցվել և հակառակը: Նորմեր գոյություն ունեն, որոնց պետք է հետևեն դպրոցում: Ասեմ, որ նոյեմբերի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով, ամենօրյա մշտադիտարկում է իրականցվում»,- նկատեց պատասխանատուն՝ հավելելով, որ մինչ այս պահը դպրոցների ջերմային ռեժիմի խախտման մասին ահազանգեր մարզպետարանը չի ստացել:
Կրթության բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ դպրոցներին հատկացված է ջեռուցման համար նախատեսված գումարը, իսկ եթե հատկացվածից շատ ջեռուցվի դպրոցը, ապա կկատարվի վերահաշվարկ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գումար կհատկացվի: