Երևանի պարեկները նոյեմբերի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 մեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 19-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 2-ը՝ փոխարինված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ 344 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 559-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 46 անձի։
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1095 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 66 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ 8 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փոխարինված համարանիշերով, 150-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 600-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 11 անձի։