Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանը սկսել է Թուրքիայում ցորենի խոշոր պահեստներ փնտրել և նախատեսում է Թուրքիան վերածել ցորենի կենտրոնի։ Կան ամբողջ արտադրանքը Թուրքիայում պահելու և այստեղից տարածելու պլաններ․ «Դա մեծ որոշում կլինի մեր երկրի համար»։
Ավելի վաղ, Պուտինն Էրդողանին առաջարկել էր գազային հաբ ստեղծել Թուրքիայում և դեպի Եվրոպա ռուսական գազային հոսքերը վերաուղղել Թուրքիայի միջոցով։ Թուրքիան ընդունել է առաջարկը, աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Այսպիսով, Պուտինը Թուրքիայի տնօրինությանն է հանձնում Ռուսաստանի ռազմավարական երկու ոլորտները՝ էներգակիրներն ու ցորենը։ Մինչ այդ, թուրքական ընկերություններին են տրվել ՌԴ-ից հեռացած արևմտյան ընկերությունների տեղերը։ Թուրքիան ներկայում Ռուսաստանի «ներմուծման փոխարինման» գլխավոր շահառուներից է, Մոսկվան Անկարայի միջոցով ձևավորում է գորշ սխեմաներ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։
Պուտին-Էրդողան պակտի շրջանակում այս առատ նվերները Թուրքիայի և անձամբ Էրդողանի միջազգային ու ներքին կշիռը մեծացնելու նպատակ ունեն, Արևմուտքի դեմ Կրեմլի էներգետիկ ու մթերային շանտաժի շրջանակում։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ եթե Թուրքիան թույլ տա իր երկիրը դարձնել ցորենի շտեմարան, ապա կենթարկվի ամերիկյան պատժամիջոցների․ «Այսինքն՝ այն նույն պատժամիջոցները, որ կիրառվում են Պուտինի դեմ՝ կկիրառվեն նաև Էրդողանի, հետևաբար Թուրքիայի դեմ։ Որքան գիտեմ՝ Պուտինը հրաժարվել էր հացահատիկի միջանցքից, այն նույն օրը, երբ Սոչիում Պուտինի նախաձեռնությամբ Փաշինյանը հանդիպեց Ալիևին։ Ռուսաստանը կցանկանար, բայց ինչքանով է դա հնարավոր՝ բարդ է ասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ԱՄՆ Կոնգրեսում հարց է բարձրացվել, որ Պուտինը կարողանում է Էրդողանի միջոցով ճեղքել պատժամիջոցները ու դրանց ազդեցությունը թուլացնել։ Առաջարկվում էր պատժամիջոցներ սահմանել նաև Թուրքիայի դեմ․ «Այդպիսի բանաձև արդեն կա։ Հիմա եթե Թուրքիան դիմի այդպիսի քայլի, ես չեմ բացառում, որ ևս կենթարկվի պատժամիջոցների։ԱՄՆ հակառակորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը կտարածվի նաև Թուրքիայի վրա»։
Չաքրյանը նաև նշում է, որ ռուս-թուրքական սիրախաղը նորություն չէ։ Նա հիշեցնում է Էրդողանի հասցեին Պուտինի հնչեցրած գովեստի խոսքերը և նշում՝ յուրաքանչյուր ոք յուրայիններին է սիրում․ «Ինքը բացարձակ հեղինակություն չունի, միջազգայնորեն մեկուսացված է՝ առավելագույնը կարող է Հյուսիսային Կորեա, Չինաստան, Իրան կամ Թուրքիա գնալ։ Իսկ Էրդողանին Եվրոպայում բացարձակ լուրջ չեն ընդունում։ Ասում են՝ Էրդողանի հայտարարություններով ուրախանում է նրա ընտրազանգվածը, իսկ Եվրոպայում նրա վրա ծիծաղում են։ Իսկ ամերիկացիները՝ ունենալով լուրջ հակասություններ Իրանի հետ, նախընտրում են հարաբերվել Թեհրանի ղեկավարության հետ, ոչ թե Էրդողանի։Ասում են՝ Թեհրանը որքան էլ Վաշինգտոնին հակառակվի, կայուն քաղաքականություն է վարում, իսկ Էրդողանն անկանխատեսելի է։ Երբեք չես կարող կանխատեսել, թե քեզ բարեկամ համարելու հաջորդ օրն ինչպես կվարվի։ Ամերիկացիները դրանից արդեն հոգնել են»։
Թուրքագետը նաև չի կարծում, թե ռուս-թուրքական հերթական մերձեցումը կարող է ընդդեմ Հայաստանի լինել․ «Էրդողանը հիմա ռիսկի չի դիմի, դա մարտահրավերի նման մի բան է։ Էրդողանը հիմա կարող է պատժվել։ Ցեղասպանություն բառն արտասանելու համար, Էրդողանին լրագրողներն օդանավակայանում հարցրեցին՝ այդ հարցը քննարկելու եք ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումների ժամանակ։ Նա էլ պատասխանեց՝ բա էլ ինչու՞ եմ գնում։ Հանդիպման ավարտից հետո լրագրողը նորից հարցրեց՝ հարցը բարձրացրե՞լ եք, նա էլ պատասխանեց՝ փառք Ալլահին, որ այդ հարցն օրակարգ չմտավ։ Մի շաբաթ էլ քննարկում էին՝ ինչու՞ փառք Ալլահին։ Ուզում եմ ասել, որ Էրդողանը քանի տարի է իրեն կոտորում էր, կամակորություններ էր անում Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ, բայց Շվեդիայի վարչապետն ասաց՝ նրա խնդիրը մեր անդամակցությունը չէ, ուզում է դրանով ամերիկացիներին ստիպի՝ իրեն երկխոսության հրավիրեն, որ Վաշինգտոնում Բայդենն իրեն ընդունի»,-եզրափակեց նա։