
Նոյեմբերի 16-ին և 19-ին կայանալիք Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հրավիրել է Վլադիկավկազի «Ալանիայի» 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանին։ Վերջինս այս տարվա ապրիլին ստացել էր ՀՀ քաղաքացիություն սակայն ազգային թիմ չէր հրավիրվել։ «Վերջապես երազանքս իրականացավ։ Առջևում մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուն։ Շնորհակալ եմ բոլորից աաջակցության համար։ Առաջ Հայաստան», սոցցանցերի իր էջերում գրել էր Գալոյանը։ Վերջինս նշել էր նաև, որ ուրախ է Ռուսաստանի հավաքականում չհայտնվելոը համար քանզի իր նպատակը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելն է։
«Երբ Իգնաշևիչի գլխավորությամբ հանդես էի գալիս Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում, ինձ հրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Այդ ժամանակ ակումբն ինձ թույլ չտվեց, որ մասնակցեմ հավաքին։ Հետագայում մտածեցի, որ լավ ստացվեց, որ թույլ չտվեցին, քանի որ այդ ժամանակ էլ ես որոշել էի՝ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ոչ մի կերպ չեն ազդել որոշմանս մեջ։ Մինչև պատերազմի սկսվելն էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապնվել ինձ հետ։ Մարզչական շտաբը վաղուց հետևում է իմ ելույթներին «Վելեսի» կազմում։ Գիտեմ, որ 1988 թվականին հայրս ապրելիս է եղել երկրաշարժի ամենակենտրոնական հատվածներից մեկում։ Այդ ահասարսուռ իրադարձությունից շատ մարդիկ են մահացել, որոնց թվում ես էլ հարազատներ ունեմ։ Հայրիկիս օգնել է այն հանգամանքը, որ այդ պահին փողոցում է եղել»,- Match TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Գալոյանը։ Վերջինիս շեշտադրումները պետք է օրինակ ծառայեն այն ֆուտբոլիստներին, որոնք մերժում են Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը։ Գալոյանը հնարավորություն ունեցել է խաղալու Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, բայց․․․։ Կարծում ենք պարզ է, որ Գալոյանը Հայաստանի հավաքականը ընտրել է ոչ թե ուղղակի խաղալու համար։ Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի հավաքականը համալրելու է նաև 19-ամյա կիսապաշտպան Էդուրդ Բագրինցևը։
Վերջինս նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Բագրինցևն այժմ ելույթ է ունենում Սլովակիայի «Դուբնիցա» թիմում։ «Անցյալ տարի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղից հետո, ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և առաջարկեցին խաղալ ազգային հավաքականում: Նշեցին, որ տաղանդավոր խաղացող եմ և ցանկանում են ինձ տեսնել Հայաստանի ազգային թիմում։ Այս զանգից հետո ես անմիջապես կապվեցի ընտանիքիս հետ։ Նրանք ասացին, որ որոշումը ևս պետք է կայացնեմ և ցանկացած պարագայում կընդունեն այն։ Հետո զրուցեցի Ռոլան Գուսևի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ստանիսլավ Կորոտաևի հետ։ Նրանք ինձ մի քանի խորհուրդ տվեցին։ Այնուհետև նստեցի և մտածեցի այդ մասին և եկա այն եզրակացության, որ ինձ համար ավելի լավ կլինի խաղալ իմ հայրենիքի թիմիում։ Ես հայ եմ և ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում՝ ներկայացնելով իմ երկիրը։ Եթե ինձ հրավիրեին Ռուսաստանի հավաքական, այնուամենայնիվ կընտրեի Հայաստանը։ Դեռևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զանգից առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերին, ես խոսեցի մի մարդու հետ, որի անունը չեմ նշի, և ասացի, որ հիանալի կլինի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ես երազում էի խաղալ Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում, բայց, ավաղ, նա ավարտեց կարիերան հավաքականում։ Չեմ ասի, որ դա մեծ խնդիր է, բայց ես ամեն դեպքում տխուր եմ այդ փաստից: Ամեն դեպքում, ազգային հավաքականում շատ լավ խաղացողներ կան, ուստի ես ընտրեցի այն»,- Sport24-ին տված հարցազրուցում ասել է Բագրինցևը։
Փաստորեն, մեր հավաքականի նորեկները ըստ էության հրաժարվելով Ռուսաստանից որոշում են կայացրել խաղալու իրենց հայրենիքի թիմում։ Նման որոշում էր կայացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից Էդուարդ Սպերցյանը։ Կարծում ենք պարզ է, նման մտածելակերպ ունեցող ֆուտբոլիստները ուժեղ և մարտունակ հավաքականն ունենալու հիմնական գրավականն են։ Լւահույս ենք, որ Բագրինցևի, Գալոյանի և Սպերցյանի օրինակը վարակիչ կլինի հայազգի մյուս ֆուտբոլիստների համար։