Грузия Online-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում զոհվել է հերթական վրացի զինծառայողը՝ կրտսեր սերժանտ Ռեզո Բերիձեն։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով, Բերիձեն զոհվել է Հիլմենդ նահանգում տեղակայված վրացական խաղաղապահ կոնտինգենտի կազմում առաքելություն կատարելիս։ Բերիձեն զոհվել է թալիբների հարձակման ժամանակ ստացած հրազենային վնասվածքների արդյունքում։
Նշվում է, որ ավելի վաղ Բերիձեն ծառայել է նաև Իրաքում տեղակայված վրացական խաղաղապահ կոնտինգենտի կազմում։
Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում գործող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում ներգրավվել է 2009 թվականից։ Ներկայումս այնտեղ են գտնվում 900-950 վրացի խաղաղապահներ։ Վերջիններիս դասակը (175 զինվոր ու սպա) տեղակայված է Քաբուլ քաղաքում՝ Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, իսկ գումարտակը (749 մարդ)՝ Հիլմենդ նահանգում՝ ԱՄՆ պատասխանատվության գոտում։
2012 թվականին Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների թվաքանակը հասնելու է 1500-ի, որով և Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտն ունեցող երկիրը։
Ի դեպ, Բերիձեն Աֆղանստանում զոհված 10-րդ վրացի զինծառայողն է։ Դեռևս հունիսի կեսերին վրացական լեյբորիստները կոչով դիմել էին վրացի զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, որպեսզի նրանք արգելեն իրենց զավակներին Աֆղանստան ուղարկել.
«Վաղուց Վրաստանն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար վերածվել է «թնդանոթի մսի արտադրամասի»։ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ իրենց զինծառայողներին չեն ուղարկում Աֆղանստան, մինչդեռ մեր երեխաների հետ նման կերպ վարվում է Սաակաշվիլին։ Դրանով նա ցանկանում է պահպանել իր իշխանությունը։
Մենք պահանջում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն չօգտվի վրացի ժողովրդի անհաջողությունից և հրաժարվի իր օպերացիաներում վրացի զինծառայողներին ներգրավելուց»։