Նոյեմբերի 2-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Պարսից ծոցում առկա իրավիճակի վրա։ Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի՝ առկա բոլոր հակասությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով հաղթահարելու դիրքորոշումների ընդհանրությունը՝ հաշվի առնելով մերձավորարևելյան պետությունների շահերը։
Ընդգծվել է արևմտյան լրատվամիջոցների կողմից սկսված տեղեկատվական արշավի վնասակարությունը, որը միջազգային բարդ իրավիճակի պայմաններում կարող է վերածվել լարվածության և իրավիճակի սրման։
Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։