ՖԻՖԱ-ի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ձայնը որոշիչ դեր ունի 2018 և 2022 թթ. կայանալիք աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հարցում, 90-ական թվականներին կաշառքներ են վերցրել: Այդ են վկայում BBC հեռուստաընկերության հետաքննող լրագրողների պատրաստած վավերագրական ֆիլմի կադրերը:
BBC -ի լրագրողական հետաքննության արդյունքները ցուցադրվել են «Պանորամա, ՖԻՖԱ-ի կեղտոտ գաղտնիքները» (Panorama: Fifa’s Dirty Secrets)հաղորդման ընթացքում: Հաղորդումը հեռարձակվել է երկուշաբթի երեկոյան BBC One ալիքով:
Հաղորդման հեղինակները կարողացել են ձեռք բերել մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեշեյրան, հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ պարագվայցի Նիկոլաս Լեոսը և աֆրիկյան երկրները ներկայացնող ՖԻՖԱ-ի փոխնախագահ կամերունցի Իսաա Այատուն 1989-1999 թթ. մեծ գումարներ են ստացել սպորտային առևտրով զբաղվող «International Sport and Leisure (ISL)» ֆիրմայից: Ֆուտբոլային երեք չինովնիկներն էլ հրաժարվել են պատասխանել հաղորդման հեղինակների հարցերին:
Ենթադրվող կաշառքը նկարագրվում է գաղտնի փաստաթղթում, որտեղ նշված են 100 միլիոն դոլարի 175 վճարումներ: 2001 թ. ISL-ը փակվեց, 2008 թ. գումարների սխալ բաշխելու մեղադրանքով ձերբակալվեցին ֆիրմայի 8 մենեջերները, սակայն հետագայում բոլորն էլ ազատ արձակվեցին: