
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը հրաժարվել է նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ արենայում» ընկերական հանդիպում անցկացնելՌուսաստանի հետ։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի միություն և Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էին ձեռք բերել նշված օրը ստուգողական մրցավեճն անցկացնելու։ Օրեր անց հերթական սկանդալն էր ծագել Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի շուրջ։ Մասնավորապես, Բոսնիա-Հերցեգովինայի միանգամից 5 առաջատար ֆուտբոլիստներ հայտարարել էին, որ չեն մեկնի Սանկտ Պետերբուրգ և չեն խաղա ռուսների դեմ։ Այդ ֆուտբոլիստներն են եվրոպական ֆուտբոլի աստղեր՝ Միրալեմ Պյանիչրը, Էդին Ջեկոն, ինչպես նաև Իբիշևիչը, Ահմեդհոջիցն եւ Հաջիցը։ Այնուհետև, բոյկոտին միացել էին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմի մյուս անդամները։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու թիմերը անորոշ ժամանակով զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի մասնակցությամբ ընկերական հանդիպումներն իրենց հերթին դուրս են ՖԻՖԱ-ի օրացույցային պլանից։Մեկուսացվելուց հետո, աեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականը ընկերական հանդիպում էր անցկացնելու Ղրղզստանի ազգային թիմի հետ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի ֆուտբոլային գերատեսչությունը, մասնավորապես ազգային հավաքականը պահպանելու համար ակտիվ բանակցություններ է վարում տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով ռուսներն առաջին հերթին դիմել էին ԵԱՏՄ- անդամ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին։ Ռուսաստանի հետ խաղալու պատրաստակամություն հայտնել էր թերևս Ղրղզստանը, պայմանով, որ հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում։ Ռուսաստանի հետ խաղալուց հրաժարվել էին, Հայաստանը, Ղազախստանը, նույնիսկ Բելառուսը։ Ռուսների դեմ խաղալուց հրաժարվելու որպես հիմնական պատճառ նշվել է ավելի վաղ այլ հավաքականների հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հետ։ Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությանը հաջողվել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետպայմանավորվել ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ։ Եվ ահա, բոսինացիների հետ բոյկոտից հետո նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հետ խաղալու պատրաստակամություն է հայտնել Ուզբեկստանը։ Հատկանշական է, որ ռուսների հետ խաղալու պատրաստակամություն հայտնել են, ոչ ՈւԵՖԱ-ի անդամ երկրները։ Բոսնիացի ֆուտբոլիստների քայլը վառ ապացույցն է նրա, որ եվրոպական ֆուտբոլային ընտանիքը բոյկոտում է ագրեսոր պետության հետ ցանկացած շփում։ Մեր տեղեկություններով այժմ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը բանակցություններ է վարում ասիական և Հարավային Ամերիկայի պետությունների ֆուտբոլային գերատեսչությունների հետ։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ուկրաինայի վրա հարձակումից հետո եվրոպական տասնյակ պետությունների հավաքականներ հայտարարեցին, որ հրաժարվում են խաղալու Ռուսաստանի հետ։Տոտալ բոյկոտին հաջորդեց ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի դարակազմիկ որոշումը Ռուսաստանի հավաքականների և թիմերին մեկուսացնելու վերաբերյալ։ Այսօր տոտալ բոյկոտն ըստ էության շարունակվում է։ Նշենք, որ այս ամենից առաջին հերթին տուժում են ռուսաստանցի ֆուտբոլիստները որոնց կարիերան հայտնվել է փակուղում։
Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը չկարողացավ տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Ռուսաստանում ելույթ ունեցող հարյուրավոր ֆուտբոլիստներ զրկվել են հնարավորությունից տեղափոխվելու Եվրոպա։Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում մոտ 400 ֆուտբոլիստներ, որոնցից մոտ 100-ը լեգեոներներ են։ Բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմաթիվ լեգեոներներ հեռացան ռուսական ակումբներից։