Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության հերթական քաղխորհրդի նիստում, որտեղ քննարկվել է նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին նշել է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական ժողովուրդն ամբողջությամբ կորցրել է ընտրությունների նկատմամբ հավատը, գրել է «Ազադլիգ»-ը: Քաղաքական գործիչը հիմնավորել է. «Անընդհատ կատարվող ընտրական կեղծարարությունները բերել են նրան, որ մարդիկ ընտրությունների չեն գնում, քանի որ վերջին 17 տարիներին Ալիևների ընտրական կեղծարարությունները սպանել են ընտրությունների նկատմամբ մարդկանց հավատը: Բնակչության մոտ 85 տոկոսը բոյկոտել է ընտրությունները: Կառավարության կեղծարարությունների և բռնությունների դեմ պայքարել հնարավոր է, բայց ընտրությունից ընտրություն մարդկանց կորցրած հավատը վերականգնել դժվար է: Այսօր Ադրբեջանում ամենաանհանգստացնող բացասական միտումը դա է»: Քերիմլին հավելել է նաև, որ բացի այդ, վերջին տարիներին իշխանությունը մեծ հարված է հասցրել ընդդիմությանը՝ բռնությունների միջոցով պակասեցնելով նրա ռեսուրսները: «Այժմ էլ իշխանությունը միանշանակ ընդդիմությանը թույլ չտվեց մտնել խորհրդարան՝ ցույց տալով դրանով, որ իրենք մանդատ են տալիս ոչ թե ժողովրդի ընտրյալներին, այլ իրենց կողմից նշանակվածներին»: