Մեզ համար շատ կարևոր է ԿԸՀ բնականոն գործունեության շարունակականության ապահովումը, ՀՀ-ում ժողովրդավարության ավանդույթի կատարելագործումն ու զարգացումը և այս խորհրդարանը համարում ենք այդ ժողովրդավարության միջնաբերդը: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով, պատերազմի ծանր հետևանքներից հետո 2021-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելով իշխանությունը ցույց տվեց, որ Հայաստանում ընտրությունները կարող են լինել ոչ թե ներքաղաքական ճգնաժամեր հարուցելու, այլ դրանք հաղթահարելու հնարավորություն. «Մենք ապացուցեցինք, որ ժողովրդավարությունը կարող է լինել մասնավորապես, նաև արտաքին անվտանգության երաշխավոր: Հայաստանում հատկապես պատերազմից հետո տարածվում էր այն անհիմն մտայնությունը, որ փորձ էր արվում հակադրել ժողովրդավարությունն անվտանգությանը, բայց մենք ունենք համոզմունք ճիշտ հակառակի մեջ, որ ժողովրդավարությունը ոչ թե անվտանգության սպառնալիք է, այլ անվտանգության երաշխավոր է»,-ընդգծեց Կոնջորյանը: