Գավառ քաղաքի «Ժակի բուլվար» կոչվող այգու տարածքում կառուցվում է հայրենիքի համար տարբեր ժամանակներում նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր-պանթեոն:
Ինչպես տեղեկացրեց հուշահամալիր-պանթեոնի նախագծի հեղինակ, ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանը, պանթեոնում տեղադրվում է 4 հուշաքար, որոնցից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ 1918-1920 թվականների ռազմաքաղաքական իրադարձությունների զոհերի, երրորդը՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի, չորրորդը՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։
«Այս չորս հուշակոթողներն էլ կերտվել ու տարբեր ժամանակներում տեղադրվել են Գավառի կենտրոնական հրապարակի տարբեր հատվածներում։ Հիմա մեր նախագծով նախատեսվում է դրանք հավաքել մեկ վայրում, ամբողջացնել հուշահամալիրի տեսքն ու ձեւավորումը, ստեղծել գրավչություններով լի զբոսայգի, որտեղ առանձնակի տեղ կունենան մեր պատմության մաս կազմող հուշարձանները։ Այժմ կատարվում են հուշարձանի , ճեմահարթակի, սիզամարգերի եւ մուտքի հատվածի կառուցման ու քարերի մշակման աշխատանքներ: Ամենայն հավանականությամբ, հուշահամալիր-պանթեոնը պատրաստ կլինի նոյեմբեր ամսի ընթացքում, իսկ ծառատունկը կիրականացվի գարնանը։ Հուշահամալիր – պանթեոնը կառուցվում է Գավառ քաղաքի բնակիչ Աշոտ Դովլաթյանի միջոցներով:Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսերը հոգացել է Գավառի համայնքապետարանը»,-ներկայացրեց Ռաֆիկ Հերգնյանը: